ՀԱՕԿ-ը Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին. Գիլոյան
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի դրոշակակիրը եղել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է հայ մարզիկների մրցելույթները, խոսել Փարիզ-2024-ի կազմակերպչական հարցերի, օգոստոսի 28-ից մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցության, ինչպես նաև Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տան» մասին:
Արդյունքները՝ բավարար
«Օլիմպիական խաղերը մարզական ամենադժվար իրադարձությունն են, որը կազմակերպիչների համար դառնում է լուրջ փորձություն. հեշտ չէ ընդունել շուրջ 11 հազար մարզիկի, մեծ թվով պատվիրակությունների, բազմամիլիոնանոց երկրպագուների: Կարծիքներն ու նախասիրությունները կարող են տարբեր լինել, բայց սա Օլիմպիական խաղեր են, այստեղ պետք է խաղաղություն տիրի, քանի որ ի սկզբանե Օլիմպիական խաղերը ստեղծվել են պատերազմները դադարեցնելու գաղափարի շուրջ: Կազմակերպչական առումով Փարիզի խաղերը, իմ կարծիքով, լավագույններից էին: Փարիզը կարողացավ սիրով ընդունել օլիմպիականներին, և վստահ եմ՝ շատերի համար այս խաղերը կմնան որպես լավագույն հիշողություն»,- ասել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, անդրադառնալով Հայաստանի մարզիկների գրանցած արդյունքներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է, որ մեր 15 մարզիկներից 3-ը այսպես կոչված «սպիտակ քարտով» էին մասնակցում Օլիմպիական խաղերին և նրանցից մեդալների ակնկալիք չկար, իսկ ընդհանուր արդյունքները գնահատում է բավարար:
«ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն ու մշակած ռազմավարությունը չեն կարող արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում. դրա համար ժամանակ է պահանջվում: ՀՀ կառավարության կողմից սպորտի ոլորտում վարվող քաղաքականության արդյունքն այս պահին ավելի տեսանելի է պատանեկան և երիտասարդական առաջնություններում՝ դատելով մեդալներից: Վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում կունենանք հստակ առաջընթաց: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք մասնագիտական վերլուծություններ, քննարկումներ, իսկ հետո կաշխատենք ֆեդերացիաների հետ՝ նախապատրաստվելով հաջորդ խաղերին»,- նշել է Գիլոյանը:
Պարալիմպիկ խաղերի մասնակցության մասին
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):
Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի մասին
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ իրանցի ըմբիշի հետ եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքին:
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: Առաջին արձագանքը հետևյալն էր՝ «Ի լրումն ուղարկեք, թե որ դրվագում կոնկրետ ինչն է բողոքարկվում»: Առաջիկա մեկ-երկու օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Մենք ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր: Այսինքն՝ ունենք փաստ, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում եղել է ճիշտ հակառակ վերաբերմունք: Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ, հույսեր ունեմ, որ ազնիվ կգտնվեն և արդարությունը կվերականգնվի»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների շարքում 66-րդն է` 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։ Հայաստանի ներկայացուցիչներից ՕԽ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն ու ծանրորդ Վարազդատ Լալայանը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկում 5-րդն է:
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական Խաղեր. Հայաստանը 66-րդն է մեդալային հաշվարկում
- Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են
- Վարազդատ Լալայանը նվաճեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը
- Արթուր Ալեքսանյանը երկրորդ անգամ դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
- Մալխաս Ամոյանը դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անոնսել է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին
- Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ օլիմպիական խաղերի եզրափակիչ
- Չեմ հանձնվելու. Օլիմպիական փոխչեմպիոնը դիմել է երկրպագուներին
- Արթուր Դավթյանը նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան