Գեղարքունիքում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է Ծակքարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում այս գիշեր գրանցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ծակքար գյուղի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սանթուր Խաչատրյանը։
«Ճաքեր կային, դրանք խորացել են, վերևից էլ 2-3 քար է ընկել»,- նշեց նա։
Սանթուր Խաչատրյանը հայտնեց, որ եկեղեցին կառուցվել է 1878-1884 թթ. թվականներին, այն չի գործում, բայց ցանկանում են վերանորոգել։
Նա նաև տեղեկացրեց, որ 1960-ականներին կառուցված 8-9 բնակելի տների պատերին ճաքեր են առաջացել։
«Այդ պահին ժողովուրդը վախեցել էր, բայց հիմա արդեն հանգստացել է»,- ասաց Սանթուր Խաչատրյանը։
Հանձնաժողովը վաղ առավոտից աշխատում է Գեղարքունիքի Երանոս գյուղում, այցելելու է նաև Ծակքար՝ արձանագրելու երկրաշարժի հետևանքով առաջացած վնասները։
«Տեղյակ ենք պահել հանձնաժողովին։ Ասացին՝ Երանոսում են, քանի որ էպիկենտրոնն այնտեղ է եղել, վնասն ավելի շատ է։ Կավարտեն ու հերթականությամբ կլինեն գյուղերում՝ Վարդաձոր, Ձորագյուղ, այնուհետև Ծակքար»,- ասաց Սանթուր Խաչատրյանը։
Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):
Հարակից հրապարակումներ`
- Երանոսում երկրաշարժից տների պատերին ճաքեր են առաջացել. Գյուղապետ
- Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում
- Երկրաշարժ Հայաստանում՝ 5-6 բալ ուժգնությամբ