Վարազդատ Լալայան. Փարիզ էինք եկել այլ նպատակներով, բայց ունենք այն, ինչ ունենք
Փարիզի Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, ծանրորդներ Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և հայ համայնքի հետ հանդիպման հնարավորության համար. «Շնորհակալ եմ այսպիսի աջակցության համար: Թե՛ մարզադահլիճում, թե՛ «Հայաստանի օլիմպիական տանը» շատ մեծ ջերմություն ենք զգացել: Շնորհակալ ենք ոգևորելու, աջակցելու և մեր կողքին լինելու համար: Շատ ուրախ եմ այս մեդալի համար: Իհարկե, այստեղ էինք եկել այլ նպատակներով, բայց ունենք այն, ինչ ունենք»:
Ծանրորդ Գոռ Մինասյանը, որը հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո, ևս շնորհակալություն է հայտնել աջակցության համար. «Շատ մեծ ոգևորությամբ եք երկրպագել մեր բոլոր մարզիկներին, ներկա եք եղել մրցումներին: Այդ մեծ դահլիճներում մշտապես լսվում էին մեր երկրպագուների վանկարկումներն ու ծածանվում էր Հայաստանի դրոշը: Դա շատ ողջունելի է: Շնորհակալ ենք աջակցության համար: Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո սա լավագույն դահլիճներից մեկն էր, որը լի էր հայերով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան