Վիկտոր Համբարձումյանի հիշատակի օրն է
Օգոստոսի 12-ը համարվում է հայ ականավոր աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի հիշատակի օր։ Այսօր Վ․ Համբարձումյանի մահվան 28-րդ տարելիցն է։
Վ. Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին: Զբաղվելով ակտիվ գիտական գործունեությամբ և լինելով բազում աշխատությունների հեղինակ՝ նա մեծ ավանդ ունի Հայաստանի գիտության զարգացման գործում:
Իր լայնածավալ գիտական, գիտակազմակերպական, վարչական, մանկավարժական և խմբագրական գործունեության ընթացքում Համբարձումյանը հասել է բազում նվաճումների։ Նա եղել է ՀՍՍՀ ԳԱ նախագահ (1947-1993թթ.), ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և տնօրեն (1946-1988թթ.), ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947թ-ից), Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ, 1948–1955թթ. եղել Է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) փոխնախագահ, 1961–1964թթ.՝ ՄԱՄ նախագահ, իսկ 1968–1972թթ.՝ Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ և այլն:
1966 թվականին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել է միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, ինչը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։
Մինչև կյանքի վերջը Վ. Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։
1994 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։
Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2,6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Համբարձումյանի անվան ծառ՝ «Հավերժների այգում»
- Վիկտոր Համբարձումյանի չստացած երեք Նոբելյան մրցանակները
- Վիկտոր Համբարձումյանի 112-ամյակը և Աստղագիտության օրը Հայաստանում
- Նոբելյան մրցանակակիրը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրն է
- «Բախտ եմ ունեցել հանդիպել Վիկտոր Համբարձումյանի հետ». իտալացի գիտնական