Երանոսում երկրաշարժից տների պատերին ճաքեր են առաջացել. Գյուղապետ
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում այս գիշեր գրանցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ չկան, սակայն բնակելի տների պատերին ճաքեր են առաջացել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։
«Ավերածություն չի եղել, զոհեր չունենք, կան բնակելի տներ, որոնց պատերին որոշակի ճաքեր են առաջացել։ Հանձնաժողովը վաղ առավոտից աշխատում է, արձանագրում է պատճառված վնասները»,- նշեց նա։
Սաշա Բավեյանի ներկայացմամբ, գյուղի բնակիչները զգացել են ցնցումները. «Ժողովուրդը զգացել է, մարդիկ դուրս են եկել տներից։ Խուճապ չի եղել»։
Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):
Հարակից հրապարակումներ`
- Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում
- Երկրաշարժ Հայաստանում՝ 5-6 բալ ուժգնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան