Պարզվել են Վահրամաբերդ բնակավայրում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները
2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 20։45-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ անծանոթ անձանց ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակչի՝ 31-ամյա Ա.Թ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով։ Նույն օրը՝ րոպեներ անց, հիշյալ բժշկական հաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունք թաթային հոդի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն բնակավայրի 38-ամյա բնակիչ Լ.Թ.-ն, ով հանդիսանում է Ա.Թ.-ի հորեղբոր որդին։ Քննչական կոմիտեից հայտնում են, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված անձինք ճանաչվել են տուժող։
«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ վարութային մի շարք գործողություններ, որի արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վահրամաբերդ բնակավայրի բնակիչ Զ.Հ.-ն:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 18:00-ից 20:35-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Թ.-ի և Զ.Հ.-ի միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր եղբայրների հետ մի կողմից, իսկ տուժողները և քննությամբ դեռևս չպարզված մի շարք անձինք մյուս կողմից, հանդիպել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի «Վահրամաբերդի ձոր» կոչվող տարածքում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ Զ.Հ.-ն դեպքի վայրում գտնվող և իր կողմից շահագործվող «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված, պահված ու դեպքի վայր փոխադրված հրազենը և գիտակցելով իր գործողությունների հնարավոր հետևանքները, Ա.Թ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է վերջինիս կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Լ.Թ.-ն, տեսնելով կատարվածը, հայհոյանքներ հնչեցնելով մոտեցել է Զ.Հ.-ին, ինչից հետո Զ.Հ.-ն, Լ.Թ.-ին սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ միջամտել է Զ.Հ.-ի եղբայրը, ով նրա ձեռքից վերցրել է հրազենը, եղբորը նստեցրել մեքենան՝ այդ կերպ խոչընդոտելով վերջինիս կողմից իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելուն:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է կրակված պարկուճ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ առարկաներ, վերցվել են փորձանմուշներ: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, առգրավվել են տուժողների հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, ինչպես նաև դիտավորությամբ մեկ անձի ապօրինաբար կյանքից զրկելու, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով Զ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել Զ.Հ.-ին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Զ.Հ.-ն հատել է ՀՀ պետական սահմանը։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- հայտնում են ՔԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին