Եկեղեցին կանգնած է արցախահայության կողքին. Վրթանես Սրբազան
Օգոստոսի 5-12-ը Արցախի թեմը Գուգարաց թեմի հետ համատեղ կազմակերպել էր ճամբար, որին մասնակցել են շուրջ 100 արցախցի երեխաներ:
Այսօր Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում է ունեցել Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարին մասնակցած երեխաների ծնողների հետ:
Արցախի թեմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը իր օրհնությունն է բերել ներկաներին և վստահեցրել, որ ինչպես նախկինում, այսօր նույնպես Եկեղեցին` Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, կանգնած է արցախահայության կողքին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, ում անմիջական ջանքերով հնարավոր դարձավ ճամբարի կազմակերպումը: Հայր Սուրբն իր խոսքում նշել է, որ ֆրանսահայ ժողովուրդը ամեն ջանք գործադրում է, որ այս դժվարին իրավիճակում հնարավորինս թեթևացնի արցախահայության հոգսերը: