Թրամփն ասել է՝ հույս ունի վերընտրվելու դեպքում կրկին «լեզու գտնել» Պուտինի հետ
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ հարցազրույցում ասել է, որ ակնկալում է վերընտրվելու դեպքում կրկին «լեզու գտնել» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նախկին նախագահի կարծիքով, Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը «լավագույններից են իրենց գործում»։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ուկրաինայի հարցով բանակցել Ռուսաստանի ղեկավարի հետ։
Նա ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ իր զրույցի ժամանակ նախազգուշացրել է Պուտինին զերծ մնալ Ուկրաինայի դեմ ցանկացած հարձակողական գործողությունից։
«Ես Վլադիմիր Պուտինին ասացի. «Մի՛ արա դա: Դու չպետք է դա անես, Վլադիմիր»։ Դա մեր վերջին զրույցն էր: Նա երբեք և ոչ մի դեպքում նման քայլի չէր դիմի, մենք միմյանց հետ լեզու էինք գտնում: Հուսով եմ՝ նորից նրա հետ համաձայնության կգամ: Դա կլինի լավ, ոչ թե վատ» - ասել է Թրամփը։
Թրամփի կարծիքով, Վլադիմիր Պուտինը լավ բանակցող է։