Չնայած դատավորների նկատմամբ ԲԴԽ ճնշումներին, հույս կա, որ կալանքը չի երկարաձգվի. Գերասիմ Վարդանյանի պաշտպան
«Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդության մեջ բերված բոլոր փաստարկներն անհիմն էին»,- Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության դռնփակ քննարկումից հետո լրագրողներին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու հիմք ի սկզբանե չի եղել, հիմա էլ կալանքը երկարաձգելու որևէ հիմք չկա։
«Նշված փաստարկները համոզիչ չէին։ Մեր կողմից բոլոր փաստարկներին հակադարձումներ եղան հիմնավոր ու փաստերով։ Արձանագրվեց, որ այլևս կալանքը երկարաձգելու հիմք չկա»,- ասաց Ս.Հարությունյանը։
Նա հույս ունի, որ քննիչի միջնորդությունը չի բավարարվի. «Չնայած ներկա այն բիրտ ճնշումներին, որոնք իրականացվում են հատկապես ԲԴԽ կողմից դատավորների նկատմամբ, իրավունքի տեսանկյունից կարող ենք վստահաբար կրկին արձանագրել, որ կալանքը երկարաձգելու հիմք չկա։ Հույս ունեմ` արդարադատությունը կհաղթի»։
Դատական նիստի ժամանակ Գերասիմ Վարդանյանը հայտնել է իր անհամաձայնությունը։
«Նա մարտական էր, տրամադրված հաջորդիվ ազգանվեր պայքարի։ Նա գիտակցում է, թե ճնշումները որտեղից են գալիս»,- ասաց Ս. Հարությունյանը։
Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգելու քննիչի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի օգոստոսի 14-ին ժամը 14․00-ին։
Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ է արդեն 2 ամիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Մասնավորապես, տարածվել էր ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Քանի կան պայքարող ուժեր, այս երիտթուրքական կառավարությունը չի կարողանալու իր ծրագրերն ավարտին հասցնել. Սաղաթելյան
- Փաստաբան. Դատարանը քննարկում է Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը
- Եթե 100 կյանք ունենայի՝ հարյուր անգամ այս ամենի միջով նորից կանցնեի․ Գերասիմ Վարդանյան
- Գերասիմ Վարդանյանի գործով անցան դռնբաց նիստի. ՈՒՂԻՂ
- Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը կընթանա դռնփակ