Ամերիկահայ ընտրողներն ակնկալում են՝ Թրամփ-Վանս զույգը կդատապարտի Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
Նոյեմբերի 5-ին կայանալիք ամերիկյան նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատել է Թրամփ-Փենսի վարչակազմին տրված «ձախող» գնահատականը՝ 2020թ Արցախի վրա Ադրբեջանի հարձակմանն աջակցելու, այն քաջալերելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու և Կոնգրեսի կողմից այդ ոճրագործության ճանաչումն ու հիշատակումն արգելափակելու համար։ Համաձայն Հայ դատի հանձնախմբի՝ Թրամփի վարչակազմը որևէ բովանդակալի քայլ չի ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար 44-օրյա պատերազմի ընթացքում իրագործված ռազմական հանցագործությունների համար՝ ներառյալ հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը և խոշտանգումները, խաղաղ բնակչության միտումնավոր թիրախավորումը և հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և այլն։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ, վերոգրյալի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբը հրապարակել է ծավալուն հաղորդագրություն, որն ամփոփել է՝ նշելով․
«Թրամփ-Փենսի վարչակազմի որոշումն՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան հարձակմանն Արցախի վրա 2020 թվականին և նրա անգործությունն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ընթացքում, այս նոյեմբերին ազդեցություն կունենան ամերիկահայ ընտրողների վրա՝ ներառյալ Նևադա, Միչիգան, Փենսիլվանիա առանցքային նահանգներում, որոնցից յուրաքանչյուրում բնակվում են ամերիկահայ խոշոր համայնքներ:
Դոնալդ Թրամփի առաջադրման և սենատոր Ջ. Դ. Վենսի՝ որպես փոխնախագահի թեկնածու ներկայացման համատեքստում, ամերիկահայ ընտրողներն ակնկալում են՝ Թրամփ-Վանս զույգը քարոզարշավի ընթացքում կդատապարտի Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և կաջակցի Կոնգրեսի ջանքերին՝ Ադրբեջանին՝ մարդկության հանդեպ իր հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու գործում։ Սա պետք է սկսվի Թրամփ-Վանսի դիրքորոշումից՝ 7288 բանաձևի նախագծին հավավություն տալու մասին, որով կապահովվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կիրարկումը։ Ակնկալվում է՝ հանրապետական առաջնորդները կսատարեն ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ «Գլոբալ Մագնիտսկու» ակտով նախատեսված պատժամիջոցների կիրառմանը։ Ակնկալվում է՝ հանրապետական զույգը կպաշտպանի Արցախի բնիկ հայերի վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխավորությամբ։ Բացի այդ, որպես ԱՄՆ գործող սենատորի Հայ դատի հանձնախումբը Ջ․Դ․ Վենսից ակնկալում է թիվ 540 բանաձևի նախագծին սատարում, որը ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջում է ուսումնասիրություն՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ համաձայն «Օտարերկրյա աջակցության մասին» ակտի 502Բ(գ) բաժնի:
Հարավային Կովկասում արդար, կայուն և արժանապատիվ խաղաղություն հնարավոր է միայն հաշվետվողականության միջոցով: Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների չուղղումը, ապօրինաբար կալանավորված հայ գերիների ազատ արձակման և արցախահայության վերադարձի միջազգայնորեն երաշխավորված իրավունքի չապահովումը ոչ միայն կխրախուսի Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները, այլև վտանգավոր ազդանշան կուղարկի այլ չարաշահող ռեժիմներին առ այն, որ Միացյալ Նահանգներն ու այլ պետություններ պատրաստ են պաշտպանել մարդու, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքներն այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական առումով շահավետ է»:
Ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը հանդես էր եկել նաև Բայդեն-Հարիս վարչակարգի կոշտ քննադատությամբ և հայկական հարցերի համատեքստում նրանց գործունեությունը կրկին գնահատվել որպես «ձախող»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան