Ասվում է, թե Էրդողանն աստվածային հատկանիշներ ունի. «Բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես». Հարութ Սասունյան
Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, որն իրեն պարուրել է Աստծո կամ Ալլահի հատկանիշներով: Էրդողանի հնազանդ մերձավոր շրջապատն ամրապնդում է նրա այդ ինքնագովասանքի և ուռճացված կարծիքը՝ պնդելով, որ նա աստվածային ուժ ունի: Հոդվածը վերնագրված է. «Թուրքիայի նախագահը տառապում է աստվածային բարդույթով, պաշտված է Ալլահին և մարգարեին բնորոշ հատկանիշների համար»:
Բոզքուրտն իր հոդվածն սկսում է Էրդողանին բնութագրելով որպես «նախագահ, որը հավատում է, որ ունի գերազանց կարողություններ և, ըստ երևույթին, տառապում է աստվածային բարդույթով… Էրդողանը ջարդել է ընդդիմությանը, բանտարկել իր քննադատներին և հակառակորդներին, իր ձեռքում համախմբել իշխանության բոլոր լծակները, ոչնչացրել հակակշիռներն ու դարձել իր երկրի բոլոր հարցերի վերաբերյալ միակ որոշում կայացնողը: Իր ունակությունների և անսխալականության մասին նրա ուռճացված տեսակետը, զուգորդված նրան շրջապատող միաբերան համաձայնողների ներկայությամբ, ամրապնդում է նրա ինքնասիրահարվածությունն ու ամրացնում նրա գերազանցության բարդույթը: Նա իրեն համարում է խալիֆ, ամբողջ աշխարհում ողջ մահմեդական համայնքի առաջնորդ, և հետևաբար կարծում է, որ արժանի է հատուկ ուշադրության»:
Բոզքուրտը հիշեցնում է, որ 2024 թվականի մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցության (AKP) պարտությունից հետո, ապրիլի 17-ին նա ասաց. «Տիկնա՛յք և պարոնա՛յք: Թող բոլորը տեսնեն եւ իմանան, որ ոչինչ չի ավարտվում, քանի դեռ չենք ասել, որ ավարտվել է»: Այս հնչած անմեղ հայտարարությունը, պարզվում է, որ ցնցող հետևանքներ ունեցավ... քաղաքական իսլամական շրջանակների համատեքստում ՝ [վիճարկելով] Ալլահի աստվածային կամքը, իսլամի վեց հիմնական սյուներից մեկը, ինչը նշանակում է, որ Ալլահն է վերջնական որոշում կայացնողը, և ամեն ինչ տեղի է ունենում միայն Նրա աստվածային կամքի համաձայն: Այս մեկնաբանությունն արտացոլում է Էրդողանի ներքին մտածելակերպը, քանի որ նա սովոր է լինել թուրքական հարցերում վերջնական իրավարարը, գրեթե բացարձակ իշխանության երկարատև կառավարումից հետո: Էրդողանն այս խոսքերը դատարկ տեղը չի ասել. նա իրեն աստվածահաճո կերպով տեսնելու երկարատև փորձ ունի: Նրա հետևորդների պաշտամունքային գովասանքը, անշուշտ, նպաստել է նախագահի հոգեբանության ձևավորմանը»:
2024 թվականի մարտին նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Էրդողանն ասաց. «Մեր ողորմությունը կհաղթի մեր բարկությանը»։ Նման կերպ նկարագրելով իր կառավարության արձագանքն իր քննադատներին և ընդդիմախոսներին՝ Էրդողանը «ուղղակիորեն հղում արեց ավանդական իսլամական մտքի դպրոցում Ալլահի եզակի հատկանիշին, որը նկարագրված էր իսլամական մարգարե Մուհամմեդի խոսքում. «Երբ Ալլահը որոշեց արարել, Նա խոստացավ իրեն՝ գրելով Իր Գրքում, որը դրված է Նրա հետ՝ Իմ ողորմությունը հաղթում է իմ բարկությանը»։ Ընդդիմադիր իսլամական քաղաքական «Սաադեթ» կուսակցության Milli Gazete թերթը գրել է. Էրդողանը «ապշեցրեց ներկաներին, երբ իրեն միացրեց Ալլահի հատկանիշների հետ»։
Էրդողանի համախոհները և նրա իշխող կուսակցության բարձրաստիճան անդամները, որոնք զբաղված են քծնանքով, ուռճացված հայտարարություններ են անում՝ հաստատվելով գերագույն ուժեր ունենալու իր պնդումը։ Ահա Բոզքուրտի ներկայացրած մի քանի օրինակները.
«2011թ. հուլիսին AKP-ի Բուրսայի այն ժամանակվա պատգամավոր Հուսեյին Շահինն Էրդողանի հետ զրույցից և այցելությունից հետո հայտարարեց, որ «նույնիսկ մեր հարգարժան վարչապետին [Էրդողանին] դիպչելը, կարծում եմ, պաշտամունքի արարք է: Ես այսպես եմ ասում, որովհետեւ նույնիսկ նրա ներկայությունը էներգիայով է լցնում մեզ»»:
«Ֆեվաի Արսլանը, Էրդողանի իշխող կուսակցության մյուս օրենսդիրը, 2014 թվականի հունվարին ասաց. «Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի առաջնորդ է, որը մարմնավորում է Ալլահի բոլոր հատկանիշները: Նրանք ուզում էին խանգարել նրան»»:
«AKP-ի երկարամյա օրենսդիր Զուլֆու Թոլգա Աղարը 2019 թվականի օգոստոսին իր ելույթում Էրդողանին համեմատեց Աստծո հետ՝ ասելով. «Երբ մեզ ասում են նախագահի մասին, թվում է, թե մեզ ասում են Ալլահի մասին»»:
«2009 թվականի նոյեմբերին մոտ 1500 կուսակցական հավատարիմների առջև ելույթ ունենալիս AKP-ի Այդինի այն ժամանակվա մարզային գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հակկի Էսերը բազմությանն ասաց. «Թող ոչ ոք չկասկածի մեր վարչապետի [Էրդողանի] նկատմամբ մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին: Մենք նվիրված ենք մեր վարչապետին, նա մեզ համար երկրորդ մարգարեի պես է»»:
«Եվրամիության գործերի նախկին նախարար Էգեմեն Բաղիշը 2013 թվականի փետրվարին մի քանի քաղաքներ հայտարարեց որպես սուրբ, որոնք նման են Մեքքայի և Մեդինայի իսլամական սրբավայրերին՝ ասելով. «Ռիզեն, Ստամբուլը և Սիիրթը սուրբ քաղաքներ են, քանի որ այս երեք քաղաքները մեծ դեր են ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեծագույն ղեկավարի ստեղծման գործում»: Ռիզեն Էրդողանի ընտանիքի հայրենի նահանգն է, իսկ Ստամբուլն այն վայրն է, որտեղ նա մեծացել է ու մտել քաղաքականություն: Նրա կնոջ հայրենի նահանգը՝ Սիիրթը, այն ընտրատարածքն է, որտեղ նա առաջին անգամ ընտրվել է խորհրդարանում 2003 թվականի մարտի կրկնակի ընտրություններում։ Չնայած բազմամիլիոնանոց կաշառակերության սխեմայի մեջ մեղադրվելուն՝ Էրդողանը կանգնել է Բաղիշի կողքին և նրան նշանակել է դեսպան Չեխիայում»:
Ոմանք նույնիսկ ասում են, որ Էրդողանը գերազանցել է իսլամական մարգարեին: Էֆքան Ալան, այն ժամանակվա ներքին գործերի նախարարը, ասաց. «Մուհամմեդ մարգարեն հպարտության մեջ էր, ուստի Աստված նախազգուշացրեց նրան: Մյուս կողմից, մենք հպարտության գայթակղությանը չենք ենթարկվի»: Ալայի իրավահաջորդ Սուլեյման Սոյլուն 2021 թվականի դեկտեմբերին պնդեց, որ Էրդողանի կառավարության աշխատանքը Ալլահի աշխատանքն է: «Մի նայեք միայն այն, ինչ մենք անում ենք: Մենք դա չենք անում միայնակ: Մենք հավատում ենք, որ դա Ալլահն է, որն ստիպում է մեզ դա անել»»:
«2010 թվականի փետրվարին AKP-ի քաղաքական գործիչ Օքթայ Սարալը, որը ղեկավարում էր Տրապիզոն նահանգի Օֆ շրջանը, կոչ արեց երկրպագել Էրդողանին և ասաց, որ պետք է երախտագիտության աղոթք անել, որը նման է Աստծո համար մահմեդական ծեսերին, քանի որ Էրդողանն իսլամական աշխարհի օրհնված ղեկավարն է։»։
«Էրդողանի որոշ տեղակալներ նրա ելույթները նմանեցրել են Սուննային, որը վերաբերում է Մուհամմադ մարգարեի խոսքերին և գործելակերպին ու համարվում է մահմեդականների համար սուրբ Ղուրանից հետո գիտելիքի երկրորդ հեղինակավոր աղբյուրը»:
Բոզքուրտը հավելել է. «Թուրքիայում նրա ավելի քան երկու տասնամյակ կառավարման ընթացքում Էրդողանին Աստծո այսպիսի վերագրումների տասնյակ դեպքեր են եղել: Նրանցից ոչ մեկը չի վիճարկվել Էրդողանի կողմից, նա, կարծես թե, վայելել է նման գովասանքները: Իր ինքնընկալման մեջ, թերևս, նա իրեն զգում է որպես Աստված կամ Աստծո կողմից ընտրված առաքյալ, որը եկել է իշխանության՝ մահմեդականներին ամբողջ աշխարհում առաջնորդելու համար»:
«Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ նախագահ Էրդողանը շրջապատված է միաբերան համաձայնող կանանցով և տղամարդկանցով, որոնք երկրպագում են նրան և չեն համարձակվում արտահայտել այն տեսակետները, որոնք կարող են նրան դժգոհեցնել: Մարդկանց պրոֆիլը, ում նա ընտրել է իր մերձավոր շրջապատում ընդգրկելու համար, պատկերում է նրանց, որոնք խուսափում են քննադատական մտածելակերպից և վիճահարույց տեսակետներից երկրի կառավարման մեջ:
Իրականում Էրդողանը ոչ այլ ինչ է, քան ավազակ, ինքնասիրահարված դիկտատոր, որը չարաշահում է կրոնը իր քաղաքական նկրտումների համար՝ հարստացնելով իր ընտանիքի անդամներին և ընկերակցողներին միլիարդավոր դոլարներով՝ իր վարչակազմում համատարած կոռուպցիայի և բոլոր տեսակի անօրինական բիզնես գործունեությունից և հանցավոր ձեռնարկություններից շահույթ ստանալու միջոցով», եզրափակել է Բոզքուրտը:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան