Գրքի երևանյան միջազգային փառատոնի ծրագրում նախատեսված են 32 միջոցառումներ
Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, գրքի տոնավաճառը (20-40% պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ծրագրում նախատեսված են երեսուներկու միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։
Փառատոնի փակման արարողության ժամանակ (սեպտեմբերի 8, 19:00) տեղի կունենա մրցանակաբաշխություն, և հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։
Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն կրթամշակութային» հասարակական կազմակերպությունը Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:
Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Գրականության ոլորտի ամենամեծ նախագիծն իրականացվում է 2017 թվականից: Ծրագրի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
Փառատոնի մուտքն ազատ է (12:00-21:00):