Երաժշտագետ Գրիգոր Հարությունյանի նոր ժողովածուները նպաստեն հոգևոր երաժշտության տարածմանը, հանրայնացմանը
Օգոստոսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի ժողովածուների և ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
Հոգևոր երգասացությունների ժողովածուներում՝ «Ստեղծող մանկանց» և «Տաղք տաղավարաց», հեղինակը մշակել և ներկայացրել է հայ հոգևոր երաժշտության գոհարները, որոնք սկիզբ են առել դեռևս 4-5-րդ դարերում, իսկ արդեն 10-րդ դարից դրանք համալրվել են տաղերով։
«Ստեղծող մանկանց» խմբերգերի ժողովածուն ներառում է 5-12-րդ դարերի հեղինակների տաղեր և շարականներ՝ ներդաշնակված մանկական և կանանց երգչախմբերի համար։ Մշակել, կազմել ու խմբագրել է Գրիգոր Հարությունյանը։
«Տաղք տաղավարաց» ժողովածուն ընդգրկում է 10-18-րդ դարերի տաղերը։ Հեղինակը մշակել է Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Անանուն Անեցու, Կոստանդին Սսեցու, Առաքել Սյունեցու, Մխիթար Սեբաստացու տաղերը ձայնի և երգեհոնի համար։
Գրիգոր Հարությունյանի 3-րդ գիրքը «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում» ուսումնական ձեռնարկն է, որը նրա գիտամանկավարժական գործունեության արգասիքն է։
«7-8 տարի այդ առարկան դասավանդում եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, հայերեն ձեռնարկ ունենալու պահանջ առաջացավ։ Առաջին հայերեն ձեռնարկն է։ Թեմատիկայով ու ձևաչափով եզակի է, քանի որ առարկայի ուսուցումը ներկայացնելիս հաշվի եմ առել խմբերգային արվեստում առկա ժամանակակից նորարարական մեթոդներն ու եղանակները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ.Հարությունյանը։
Նա նշեց, որ ուսումնական ձեռնարկը հրատարակվել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։
Գրքերի շնորհանդեսի ընթացքում կհնչեն նաև հեղինակի մշակումները ձայնի, դաշնամուրի և երգչախմբի համար։ Կատարելու են մեներգչուհիներ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցուց, եկեղեցու երգչախումբը, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի Սարյան երգչախումբը։ Երգչախմբերի ղեկավարը հենց Գրիգոր Հարությունյանն է։
«Կային շարականներ ու տաղեր, որոնք մինչ օրս մշակած չէին երգչախմբերի համար կամ մշակված էին, բայց թերի էին, չէին համապատասխանում կատարողական չափանիշներին։ Ես նորովի մեկնաբանեցի ու այժմ հրապարակում ենք դրանք»,- ասաց գրքերի հեղինակը։
Անդրադառնալով հոգևոր երաժշտության տարածվածությանը, երաժշտագետն ասաց. «Կարծեք այժմ միայն եկեղեցու պատերից ներս է մեծ մասամբ հնչում հոգևոր երաժշտություն։ Այն հանրայնացնելու, հանրային շրջանակներում տարածելու կարիք կա։ Այս գրքերը նույնպես կնպաստեն հոգևոր երաժշտության տարածմանը, հանրայնացմանը թե երգչախմբերի, թե անհատ կատարողների միջոցով»։
Ըստ Գ.Հարությունյանի, սա երաժիշտների բացթողումն է, քիչ են անդրադառում հոգևոր երաժշտությանը. «Իհարկե, կան երաժշտախմբեր, կատարողներ, որոնք անդրադառնում են, բայց անհատական բնույթ է կրում, քիչ է հնչում հոգևոր երաժշտություն»։
«ՏԱՂՔ ՏԱՂԱՎԱՐԱՑ» ժողովածուս ընդգրկում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Պատարագի ընթացքում կատարվող տաղերի մշակումներ՝ ձայնի և երգեհոնի համար՝ կատարված իմ կողմից: Այն ամփոփում է տարբեր ժամանակներին վերագրվող Տաղավարտոների համար նախատեսված 12 տաղ, որոնց հեղինակներն են սուրբ Գրիգոր Նարեկացին, սուրբ Ներսես Շնորհալին, Անանուն Անեցին, Կոստանդին Սսեցին, Առաքել Սյունեցին, Մխիթար Սեբաստացին: Ժողովածուում զետեղված տաղերից երկուսի հեղինակներնանհայտ են: Ժողովածուն կարող է օգտակար լինել մեներգիչներին, երգեհոնահարներին, երաժշտագետներին, առհասարակ երաժշտագիտության հարցերով հետաքրքրվողներին:
Մասնագիտական խմբագիրը մաեստրո Կոնստանտին Պետրոսյանն է։ Գրախոսն է ՀԵԸ նախագահ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը։
«ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ՊԱՐՏԻՏՈՒՐԻ ՎԵՐԱԴԱՇՆԱԿՈՒՄ» ուսումնական ձեռնարկը
ներառում է «Երգչախմբավարություն» մասնագիտության «Դասավանդող-խմբավար» որակավորման «Վերադանակում» մոդուլի չորս ուսումնառության արդյունքներով պահանջվող դասավանդման նյութը: Ուսումնական ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական և
բարձրագույն երաժշտական կրթական հաստատությունների «Երգչախմբավարություն» մասնագիտությամբ ուսանողների և դասավանդողների համար։ Մասնագիտական խմբագիրը արվեստագիտության թեկնածու, խմբավար, երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանն է։
Գրախոսներն են` ՀԵԸ նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը և երաժշտագետ Սաթենիկ Ղափլանյանը։
«ՍՏԵՂԾՈՂ ՄԱՆԿԱՆՑ» ժողովածուս ընդգրկում է հայ հոգևոր երգասացությունների` տաղերի և շարականների խմբերգային մշակումներ։ Այն ամփոփում է 5-15-րդ դարերին վերագրվող 13 տաղ և շարական, որոնց հեղինակներն են սուրբ Մեսրոպ Մաշտոցը, սուրբ Մովսես Խորենացին, Ստեփանոս Ա Սյունեցին, Անանիա Շիրակացին, Բարսեղ Ճոնը, սուրբ Ներսես Շնորհալին։ Ժողովածուում զետեղված մշակումներից մեկի եղանակը փոխառված է Կալկաթայի հնդկահայոց Պատարագի տաղերից, որն իր ժամանակին խմբագրել է Էմի Աբգարը։
Ժողովածուն կարող է օգտակար լինել խմբավարներին, երաժշտագետներին, մանկավարժներին, առհասարակ երաժշտագիտության հարցերով հետաքրքրվողներին։
Ժողովածուի մասնագիտական խմբագիրն է կոմպոզիտոր մաեստրո Կոնստանտին Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան