Դատավորը ևս 3 ամսով Սամսոնյանին և Սաղաթելյանին թույլ չտվեց վարել «Իմնեմնիմի»-ի պոդքաստը
«Քրեկան գործում կա մի ձևակերպում, որը մեր կարծիքով ոչ օրինական կդարձնի ընդհանրապես քրեկան վարույթ նախաձեռնելու արձանագրությունը»,- «Իմնեմնիմի»-ի գործով դատական նախնական լսումներում հայտնեց Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Փաստաբանը նշեց, որ ոստիկանության ծառայողն օրենքով չնախատեսված գործունեություն է իրականացրել, այն է՝ համացանցի մշտադիտարկում, մինչդեռ նման լիազորություն ոստիկանության ծառայողը չունի, հետևաբար բողոքարկում է քրեկան վարույթ հարուցելու նախաձեռնությունը։
Արսեն Բաբայանը նաև առաջարկեց գործից հանել «Իմնեմնիմի» պոդքաստի ձայնագրությունը, եթե այն չի ներկայացվել քննչական կողմի տեսաձայնագրության տեսքով, քանի որ «Քրեական դատավարության մասին» օրենքը պահանջում է, որ հաղորդումը տեսաձայնագրված լինի, քանի որ youtube-ից այն կարող է կորել, կամ մոնտաժվել։
«Մեր պատկերացմամբ այս սահմանափակման շարունակությունն արդեն կհանգեցնի խոսքի ազատության անհամաչափ սահմանափակման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղորդաշարը վարելու խնդիրը չի եղել դատախազության կողմից ներկայացրած մեղադրանքի էությունը»-հայտարարեց Ռուբեն Մելիքյանը՝ առաջարկելով վերացվի Սամսոնյանի և Սաղաթելյանի կողմից «Իմնեմնիմի» հաղորդաշարը վարելու սահմանափակումը և նշելով, որ ըստ դատախազության՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անթույլատրելի խոսք են օգտագործել, այլ ոչ թե հաղորդաշարը վարել։
Փաստաբանն առաջարկեց վերացնել երկրորդ սահմանափակումը՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարը վարելու մասով՝ պահպանելով առաջին սահմանափակումը՝ մեղադրանքում սահմանված գործողություններից ձեռնպահ մնալը։
Արսեն Բաբայանն էլ առաջարկեց վերացնել Սամսոնյանի և Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող վարչական հսկողությունը։
««Իմնեմնիմի» փոդքաստը հայհոյանքի մասին չէ։ Մեղադրական եզրակացության մեջ մոտ 200 հայհոյանքի դեպք է նշված։ Մենք ունեցել ենք 83 թողարկում և միջինում երեք ժամով հաշվարկելիս ստացվում է 250 ժամ։ Այն նշանակում է՝ մոտավորապես մեկ ժամում հնչել է մեկ հայհոյանք։ Պատկերացնում եք, թե մեկ ժամում քանի բառ կարող է արտաբերվել, որից մեկը՝ հայհոյանքն է, ինչը նշանակում է, որ այն բացարձակ փոքրամասնություն է»,- իր խոսքում ասաց Վազգեն Սաղաթելյանը։
Նա հայտնեց, թե աշխարհում հաճախ օգտագործվում է ոչ նորմատիվ լեքսիկոն, որը հասարակության կողմից նյարդային չի ընդունվում։
Սաղաթելյանը նշեց, որ հաղորդումը ոչ թե հայհոյանքի մասին է, այլ քաղաքական խոսք ասելու և այլ մարդկանց հարթակ տրամադրելու մասին է։
«Մենք ողջամտությունից ելնելով հասկանում ենք որ չենք կարող հանրային դաշտում օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկա, ինչը որ, իմ խորին, համոզմամբ ազատ խոսքի հանդեպ բռնություն է»,- ասաց Սաղաթելյանը և միացավ փոդքաստը վարելու սահմանափակումը հանելու միջնորդությանը։
Դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց վերացնել փոդքաստը վարելու՝ Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա դրված սահմանափակումը և վարչական հսկողությունը։
Դատարանը դատավարության հիմնական լսումները հետաձգեց մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 14։00-ն։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրելու միջնորդությունը
- «Իմնեմնիմի»-ի այսօրվա հյուրը ֆերմեր Հարություն Մնացականյանն է