Ադրբեջանական ցինիզմի հերթական դրսևորումը. ներկայացվել է Երևանի «օրհներգը»
Ալիևյան ռեժիմի նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ շարունակաբար աճում են։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից նշում են, որ Միջազգայնորեն ճանաչված անկախ պետության տարածքն Ադրբեջանի պատմական հողեր հռչակելուց զատ՝ Բաքվի քարոզչամեքենան ակտիվ աշխատում է նաև մշակույթի, այդ թվում՝ երաժշտագիտության ոլորտում։
«Օրերս հրապարակվեց, իրենց կեղծ բնորոշմամբ, «Իրևանի թուրքական հանրապետության» պետական օրհներգը, որի բովանդակությունը Երևանը «օտար ձեռքերից ազատելու և հետ վերադարձնելու» մասին է։
Օրհներգի հեղինակն Ադրբեջանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ջավանշիր Գուլիևն է, ով, ինչպես ինքն է նշում, Իլհամ Ալիևի ֆավորիտն է և նախագահական վերջին ընտրություններում աջակցել է նրան։ «Օրհներգը» գրելու պատվեր Գուլիևը ստացել էր դեռևս 2021 թվականին։
Այստեղ ակնհայտ է «մեծ պատմաբան» Ալիևի նկրտումը՝ երաժշտագիտության ոլորտում ևս բարձունքներ նվաճելու և այդ բնագավառում նույնպես հավերժանալու։
Նշենք նաև, որ Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ հնչել է «ստեղծագործությունը», նախագծել է ազգությամբ հայ ճարտարապետ Նիկոլայ Բաևը, և այն ժամանակին պատկանել է Մայիլյան եղբայրներին։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ և անթույլատրելի է համարում միջազգայնորեն ճանաչված պետության մայրաքաղաքի մասին ադրբեջանական կամ թուրքական օրհներգի պատրաստումն ու տարածումը։ Հերթական անգամ պաշտոնական Բաքուն իրականացնում է ադրբեջանական հասարակության «ուղեղների լվացում» և շարունակում է հանրայնացնել ագրեսիվ, հակահայկական տրամադրությունները»,- նշում են Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամից։