Առաջին դեպքը չէ, որ Փաշինյանը որոշում է կայացնում, որը հակասում է Հայաստանի անվտանգությանը. Մամիջանյան
«Ցանկացած գործողություն, որը նպաստում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը, գովելի է։ Այդպիսի գործողություններ Փաշինյանը երբեք չի իրականացնում, ճիշտ հակառակը»,- Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի, որ ԱՄՆ բանակի ներկայացուցչի՝ հայկական բանակում աշխատելու որոշման մասին։ Մամիջանյանը նախ ասաց, որ Հայաստանի հարևան և բարեկամ Իրանն ակնհայտ դեմ է թե այդ որոշմանը, թե այդ գործողությանը։
«Ո՞րն է ավելի վտանգավոր՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացո՞ւմը, թե՞ այն օգուտը, որը կարելի է ստանալ այդ որոշումից։
Երկրորդ. աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակը գերլարված է, առկա է շատ բարձր լարվածություն աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոնների միջև։ Դարձնել Հայաստանը այդ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմերից մեկը, Փաշինյանի հերթական արկածախնդրությունն է
Ինքը պատրաստ է ամեն ինչ տալ՝ հողից մինչև Հայաստանն ակնհայտ վտանգի տակ դնել, բացառապես իր աթոռի, իշխանության պահպանության, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին հաճոյանալու համար։ Սա առաջին դեպքը չէ, որ ինքը որոշում է կայացնում, որը հակասում է Հայաստանի անվտանգային համակարգերի ճարտարապետությանը, Հայաստանի անվտանգությանը։ Նման որոշումները կայացնում է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին հաճոյանալու համար, այդ որոշումը դրանցից մեկն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։