«Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ ՊՈԱԿ–ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շահավետ պայմաններում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն նպաստելու նպատակով 2020 թվականի մարտի 23-ին ձևական հուշագիր է ստորագրել իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ՝ ՊՈԱԿ-ի տարածքից 265.2 քմ տարածք վարձակալությամբ տալու վերաբերյալ։
Արդյունքում, 2020 թվականի մարտի 23-ից մինչև 2021 թվականի մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, ՊՈԱԿ-ի հիշյալ տարածքը ձեռնարկատիրական գործունեության՝ կահույքի արտադրության համար, փաստացի անհատույց հանձնվել է Ա/Ձ-ի տնօրինմանը, և վերոնշյալ անձը, առանց ՊՈԱԿ-ի բյուջե վարձավճար մուծելու, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։
Հիշյալ գործողությունների արդյունքում պետությունը զրկվել է ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը ամսական 360.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնելու և ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.320.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- նշում են ՔԿ-ից։