Չծնված երեխայի ծնողները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժշկի դեմ
Հղիության 9-րդ ամսում երեխային կորցրած ընտանիքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի՝ դեպքի օրը հերթապահություն իրականացրած բժիշկ Արտյոմ Մաշուրյանի դեմ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց երեխան կորցրած կնոջ քույրը՝ Գոհար Ջուլհակյանը, ով էլ օրեր առաջ բարձրաձայնել էր չծնված երեխայի մահվան դեպքի մասին։
Նա նշեց, որ հենց այդ բժշկի որոշումն է եղել չանել կեսարյան հատում, սպասել, ինչի հետևանքով էլ երեխան խեղդվել է։
Գ.Ջուլհակյանը դեպիքց հետո մանրամասներ էր ներկայացրել. քույրը հղիության 36 շաբաթականում, բացարձակ առողջ և հասուն պտղով՝ 4կգ. 52 սմ, գերջրության ցուցանիշներով դիմում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ բժիշկների վերահսկողության տակ լինելու, փոքրիկ վտանգի դեպքում բժշկական պատշաճ օգնություն ստանալու համար:
«Քույրս հիվանդանոցում անցկացնումա 2 օր (ուրբաթ առավոտյան գնումա հիվանդանոց, իսկ չարաբաստիկ դեպքը տեղի ա ունենում շաբաթ երեկոյան): Քրոջս հետազոտության ցուցիչները ամեն օր ավելի վատն են լինում, դրանք լինում են բավարար, որպեսզի բժիշկը ծննդազատում իրականացնի, քույրս նույնիսկ ինքն է խնդրում ժամանակից շուտ անել կեսարյան հատում, բայց բժիշկները ոչինչ չեն ձեռնարկում, որոշում են սպասել, երեկոյան հոտազոտության ժամանակ, որն ինչպես իրենք են նշում հավելյալ ուշադրության համար են արել, գրանցում են՝ երեխայի սիրտը չի զարկում. երեխան խեղդվել է: Ոչ մի կերպ չեն ընդունում, որ սխալն իրենցն է, լքտիաբար նշում են, որ նույն բանը կարող էր պատահել նաև տանը:
Հերթապահ «բժիշկը», ով հետազոտության բոլոր տվյալները վստահ եմ փոխել է, Արտյոմ Մաշուրյանն է: Վերջինս մի քանի անգամ հարազատների հետ զրուցելիս պատշաճ չի ներկայացրել դեպքի նման հանգուցալուծման հիմնավոր պատճառները, նույնիսկ վիրահատության ընթացքի կարևոր մանրամասներ մենք լսել ենք կենտրոնի այլ աշխատակիցների զրույցից միայն»:
Դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Panorama.am-ը դիմել էր «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանին։
«Այս թեմայով մենք մեկնաբանություն չունենք, քանի որ մենք չունենք թույլտվություն երրորդ անձանց առողջությանը և կյանքին վերաբերող տեղեկատվություն փոխանցելու մասով։ Անձը մեզ թույլտվություն չի տվել խոսել իր առողջության մասին, իսկ առողջապահական գաղտնիք բացահատելու իրավունք ես չունեմ»,- ասել էր Ա. Կարապետյանը։