Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Puplinge Classique փառատոնի 15-ամյակին
Սեպտեմբերի 1-ին Puplinge Classique փառատոնը կնշի իր 15-ամյակը: Այն կեզրափակվի մեծ գալա համերգով Շվեյցարիայի Victoria Hall համերգասրահում: Այս բացառիկ իրադարձությունը կմիավորի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, արվեստագետների և հեղինակավոր նվագախմբերի՝ արտացոլելով այն երաժշտական բազմազանությունն ու գերազանցությունը, որոնցով հայտնի է փառատոնը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հաղորդմամբ, Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Շվեյցարիայի ֆրանսիական երիտասարդական նվագախումբը Շվեյցարիայում փառատոնի շրջանակում հանդես կգան դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարության ներքո:
Սեպտեմբերի 1-ին կայանալիք համերգին ելույթ կունենա նաև «Sine Nomine Quartet»-ը, որը հայտնի է դասական ծրագրի ճշգրիտ և մանրակրկիտ մեկնաբանությամբ:
Մենակատարներից հատկանշական են դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պուազան և կլարնետահար Դամիան Բախմանը: Նրանք աչքի են ընկնում կատարողական արվեստի բազմազանությամբ և գեղեցկությամբ, ընտրված ստեղծագործությունների վիրտուոզությամբ ինչպես նաև արտահայտիչ մեկնաբանությամբ։
Այս երեկոն կնշանավորվի նաև շվեյցարացի երգչուհի Էլինա Դունիի մասնակցությամբ, ում գրավիչ և հուզիչ ձայնը կհարստացնի գալա ծրագիրը՝ հուզական խորություն և ոճային բազմազանություն հաղորդելով այս երաժշտական տոնակատարությանը։ Նա կկատարի ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի LA BOHÈME երգը, ում կձայնակցի հանդիսատեսը:
2024-ը հատկանշական է, քանի որ ողջ ֆրանկոֆոն աշխարհը տոնում է մեծն Շարլ Ազնավուրի 100-ամյակը: Համերգը կայանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան