Ռուսաստանի շահերից է բխում Մերձավոր Արևելքում առկա լարվածության ևս մեկ աստիճանով բարձրանալը, բայց... Արմեն Պետրոսյան
Իրան-Իսրայել հարաբերությունների հնարավոր լարումը ինչպես կարող է ազդել Հարավային Կովկասի իրավիճակի վրա։ Ո՞ւմ է ձեռնտու Իրանին լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելը։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցի» տաղավարում իր կարծիքն է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերը ստորև.
▪Երբ 2023 թվականի հոկտեմբերից Գազայում սկսվեց պատերազմը, ես միշտ նշում եմ, որ Արևմուտքի համար բացվեց երկրորդ ճակատը, ճիշտ է՝ ոչ Ռուսաստանի ուղիղ մասնակցությամբ, բայց վերջինս էլ իր դիրքորոշմամբ՝ աջակցելով պաղեստինյան կողմին, Իրանին և Պաղեստինին ուղիղ կերպով աջակցող այլ դերակատարներին՝ անընդհատ նպաստում է, որպեսզի այս հակամարտությունը շարունակվի։
▪Ռուսաստանի շահերից է լիովին բխում որպեսզի Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունը կամ լարվածությունը ևս մեկ աստիճանով բարձրանա, բայց՝ կառավարելիության հունից դուրս չգա, թեկուզ՝ մեծացնելով արիալը, ընդուպ հակամարտությունը Լիբանանի տարածք տեղափոխվելը, բայց հանկարծ որևէ կերպ չգա Հարավային Կովկաս, որովհետև այն արդեն Ռուսաստանի համար կենսական տարածաշրջան է։
▪Իրանը բազմազգ պետություն է՝ կայսրության տեսքով։ Կրոնապետություն է, որտեղ կրոնի գաղափարի և ազգային պետության շահի վրա ձևավորված համակարգ է, որը մասնատելու ուղղությամբ տասնամյակներ շարունակ Իրանի հակառակորդները տարբեր գործողություններ են իրականացրել և ռազմական լայնածավալ պատերազմի դեպքում բարդ է ասելը, թե արդյոք իրանական իշխանությունները կկարաողանան պետությունը նման կուռ և միասնական պահպանել, որովհետև այդ կրակից օգտվելու շահառուները բազմաթիվ են լինելու՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս
▪Հայաստանի շահերից չի կարող բխել ապակայունացումն Իրանում՝ և՛ ուղիղ հետևանքների մասով, և՛ ռազմավարական առումով, որովհետև Իրանը տարածաշրջանում այն դերակատարն է, որի հետ տասնամյակներ շարունակ գործընկերությունը մեզ համար նաև բազմաշերտ անվտանգային կարևորագույն գործոն է՝ սկսած տնտեսականից, էներգետիկից, ավարտած բուն անվտանգային բաղադրիչը։ Իրանում պատերազմը մեզ համար լրջագույն մարտահրավեր է՝ սկսած մարդկանց ուղիղ հոսքի հավանականությունից, ավարատած տարածքային խնդիրներով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։