Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով, մասնավորապես՝ Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ ռուսական եկեղեցում հանդիպմանը մասնակցել են կապալառու և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվել էին հիմքերի ամրակայման աշխատանքներ, ընթացքի մեջ էր պատերի ամրակայման նպատակով կրակաթի ներարկումը։ Քննարկվել են վերականգնման վերաբերյալ խնդիրներ, մասնավորապես՝ տանիքի թիթեղածածկի օրինակի և փայտե էլեմենտների վերաբերյալ: Դիտարկվել է կապալառու կազմակերպության կատարողականի համապատասխանությունն իրականացված աշխատանքներին:
Հաջորդիվ աշխատանքային խումբը Լոռի բերդ խոշորացված համայնքի ղեկավարի հետ այցելել է «Լոռի բերդ» ամրոց, որի մոտեցման ճանապարհին ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվերով կառուցվում է տեղեկատվական կենտրոն: Կապալառու կազմակերպության հետ քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած հարցերը։
Այնուհետև նախարարության աշխատակիցներն այցելել են «Լոռի բերդ» ամրոցի եկեղեցի (հասարակական կառույց), որտեղ երկու թաղերի և պատի շարի վերականգնողական աշխատանքներն ընդունելի են համարվել: Հավանության են արժանացել պատի նորոգման համար նախատեսված քարերի գույնը և տեքստուրան:
Տեղում կայացել է հանդիպում նաև «Լոռի բերդ» ամրոցի բաղնիքի և պարիսպների վերականգնողական շինարարական աշխատանքները և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնողների հետ, որի ընթացքում քննարկվել են աշխատանքները սկսելու վերաբերյալ հարցեր, տրվել են ցուցումներ՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման, տեսախցիկի առկայության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանության վերաբերյալ: