Սեպտեմբերից հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում
Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով աշխատանքային երկօրյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները:
ԿԳՄՍ ախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակն է ամփոփել ուսումնական տարվան ընդառաջ իրականացված աշխատանքները․ «Կարևոր է ևս մեկ անգամ խոսել առաջնային անելիքների մասին՝ շեշտադրելով դրանք, որպեսզի մեր գործընկերները՝ թե՛ մարզային վարչություններից, թե՛ Երևանի քաղաքապետարանից, պլանավորեն իրենց համապատասխան անելիքներն՝ ուսումնական տարվան ընդառաջ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Դասագրքերը տպագրվում են
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, անդրադառնալով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը՝ նա նշել է, որ աշխատանքներն այս տարի ևս շարունակվում են. 2024/25 ուսումնական տարում ՀՊՉ-ն ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոխնախարարը, մասնավորապես, ընդգծել է դասագրքերի ապահովման հարցը. «Դասագրքերը փորձաքննություն անցել են, երաշխավորվել և տպագրվել են: Որոշ դասագրքերի տպագումը դեռևս ընթացքի մեջ է, որովհետև դրանք ավելի ուշ երաշխավորվեցին՝ լրամշակման կարիքով պայմանավորված: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի մեկը դասագրքերը կբաշխվեն դպրոցներին»:
Նրա խոսքով՝ փոքր թվով առարկաների դասագրքեր չկան, որոնցից առանցքային է 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը, որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել․ «Բայց այդ մասով ծրագրեր են արվում. առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ, ուսուցիչները կստանան ուսումնական նյութեր»։
Ըստ նրա՝ որոշ դասարաններում, մասնավորապես՝ «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության և համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր չկան, որովհետև դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար սահմանված պահանջները: Այս առարկաների համար այս տարի դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը, սակայն այդ դասագրքերի համար նոր մրցույթներն արդեն իսկ հայտարարված են, և հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան