ԵՄ-ում հայտնել են Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 69 դեպքի մասին
Եվրոպական Միությունում հայտնել են Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 69 դեպքի մասին, դեպքերի ամենամեծ թիվը հայտնաբերվել է Հունաստանում և Իտալիայում։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնից։
«Եվրոպայի ութ երկիր հուլիսի 31-ի դրությամբ հայտնել է Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսով վարակման 69 դեպքի մասին: «Վիրուսի փոխանցման սեզոնն արդեն գագաթնակետին է հասնում», – հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) մամուլի բաժինը:
Դեպքերի ամենամեծ թիվը, որը գրանցվել է Հունաստանում և Իտալիայում, կազմում է համապատասխանաբար 31 և 25:
Բացի այդ, վարակման դեպքեր են գրանցվել նաև Իսպանիայում (5), Ավստրիայում (2), Հունգարիայում (2), Սերբիայում (2), Ռումինիայում (1) և Ֆրանսիայում (1): Մահվան ելքով պատահարներ են գրանցվել Հունաստանում (5), Իտալիայում (2) և Իսպանիայում (1): Ինչպես նշում են փորձագետները, Եվրոպայում Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսով վարակման դեպքերի թվի սպասվող սեզոնային աճը դիտվել է այս տարվա հուլիսից։ Հունաստանում և Իսպանիայում այս տարվա ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախորդ տարի։
Հիվանդության կլինիկական և ծանրության ցուցանիշները նման են նախորդ տարիների ցուցանիշներին: Հաշվի առնելով Եվրոպայում վարակի տարածման համար բարենպաստ եղանակային պայմանները` առաջիկա շաբաթներին ու ամիսներին սպասվում են հիվանդության նոր դեպքեր։ Մարդկանց վարակման մոտ 20%-ի դեպքում հիվանդության ընթացքին սովորաբար բնորոշ են լինում այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավը, տհաճության զգացողությունը, ջերմությունը, փսխումը և հոգնածությունը, վարակի դեպքերի 1%-ի դեպքում կարող է գրանցվել նյարդային համակարգի ախտահարում:
Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով: Ամենից հաճախ վարակումը տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։ Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ:
Եվրոպայում վիրուսը լայն տարածում ունի Culex pipiens մոծակների առատության պատճառով, որոնք վիրուսի հիմնական վեկտորներն են: Եվրոպայի համար մոծակների այս տեսակը էնդեմիկ է և առկա է բոլոր երկրներում: Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են` մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:
Հատկանշական է, որ աշխարհում տվյալ վարակի տարածումը կապված է գլոբալ տաքացման հետ: Ջերմաստիճանի բարձրացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում փոխանցողի բազմացման համար: Օրինակ, 2024թ. նման մոծակներ հայտնաբերվել են Ֆինլանդիայում, այժմ դա նրանց տարածման ամենահյուսիսային կետն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան