Վրաստանում պարտադիր հիմնական կրթության մակարդակը մեկ տարով կբարձրացվի
Հուլիսի կեսերին Վրաստանի «Հանրակրթության մասին» օրենքը փոփոխության ենթարկվեց, ըստ որի` պարտադիր հիմնական կրթության մակարդակը մեկ տարով կբարձրացվի մինչև 10-րդ դասարանը ներառյալ։ Oրենքում նշված էր, որ Վրաստանում լիարժեք ընդհանուր կրթությունն ունի երեք մակարդակ՝ նախնական (վեցամյա՝ I-VI դասարաններ), հիմնական (չորսամյա՝ VII-X դասարաններ) և միջնակարգ (երկամյա՝ XI-XII դասարաններ): Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։
Օրինագծի հեղինակների կարծիքով` բազային մակարդակի մեկ տարով բարձրացումը կհամապատասխանի եվրոպական առաջատար երկրների կրթական համակարգերին։
Օրինագծի հեղինակը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունն է, իսկ նախաձեռնողը՝ Վրաստանի կառավարությունը։
Jnews-ի հետ զրույցում, կրթության կառավարման մագիստրոս Վարդուհի Կուրղինյանն ասել է, որ օրենքի կարևոր փոփոխությունը կապված է հիմնական՝ VII-X դասարանների հետ, նախկինում՝ եթե հիմնական մակարդակը ներառում էր մինչև IX դասարանը, ապա նոր փոփոխության համաձայն՝ մեկ տարի ավելացել է, որը, նրա կարծիքով, ավելի շատ փորձում են նմանեցնել բրիտանական կրթական մոդելին:
«Գոյություն ունի «Ազգային ուսումնական պլան», որը յուրաքանչյուր մակարդակի համար ունի իր առանձին առաջադրանքները և նպատակները, ըստ որոնց էլ գործում և առաջնորդվում են դպրոցները, հիմնական մակարդակի համար գլխավոր նպատակն այն է, որ աշակերտի մեջ զարգանա ազատ ընտրություն կատարելու կարողությունը: Դպրոցական կրթությունը պետք է զարգացնի անձնական, ընտանեկան և հասարակական կյանքում ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություններ: Երբ երեխան ավարտում էր IX դասարանը, նա հնարավորություն ուներ դուրս գալ դպրոցից և օրինակ՝ ուսումը շարունակել այլ ուսումնական հաստատությունում, իսկ հիմա այդ իրավունքը աշակերտին կտրվի X դասարանն ավարտելուց հետո։ Ինչը նշանակում է, որ փոխվում է տարիքային շեմը և այդպիսի ընտրություն աշակերտը կատարելու է ավելի մեծ տարիքում», – հավելում է նա:
Նոր փոփոխության մեջ մասնագետը և դրական, և բացասական կետեր է նկատում։ Նրա խոսքով, երբ մոդելը փոխվում է, պետք է փոխվի նաև այդ մոդելի իրականացման և էֆեկտիվութայն հասնելու ուղիները, որոնք իր կարծիքով դեռևս երկրում գործող դպրոցների մեծամասնությունը ի զորու չեն իրականացնել հավատարմագրում չանցնելու, կոմպետենտ ուսուցիչներ և տնօրեններ չունենալու պատճառով: Ըստ նրա, եթե մոդելը փոխվելու է, իսկ մոտեցումը ոչ, ապա սա միայն ժամանակի անիմաստ կորուստ կլինի աշակերտների համար: Ինչ վերաբերվում է դրական կողմերին, ապա Վարդուհին նշում է՝ շատ աշակերտներ կան, ովքեր սոցիալապես անապահով են և հաճախ 9-րդ դասարանից հետո դպրոցից դուրս են գալիս և ոչ մի տեղ չեն շարունակում կրթությունը։ Նրանք աշխատում են ֆինանսական հարցեր լուծելու համար, եթե մոդելը փոխվի, ապա 10-րդ դասարանի աշակերտը լինելով արդեն 16 տարեկան, կհամապատասխանի որոշ վայրերում Վրաստանի աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային տարիքին:
Ամփոփելով թեման՝ նշել է․ «Դրական է նոր մոդելը, թե բացասական, կախված է նրանից թե ինչպես է այն իրականացվում։ Եթե առաջ շարժվենք «Ազգային ուսումնական պլանի» համաձայն, ապա փոփոխությունը դրական կլինի, իսկ եթե մնա միայն թղթի վրա գրված, ապա դա ժամանակի կորուստ կլինի»: