Կապիկի ծաղիկը նորություն չի, վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ. Հովակիմ Զաքարյան
Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը գրում է.
«Կապիկի ծաղիկը (Mpox) նորություն չի։ 1970-ական թվականներից պարբերաբար գրանցվել են այս վիրուսի դեպքեր, հիմնականում Աֆրիկայում, քանի որ վիրուսի բնական տերերը Աֆրիկայում տարածված փոքր կապիկների մի քանի տեսակներ են։ Վիրուսը պատկանում է կարգաբանական նույն ընտանիքին, ինչ բնական ծաղիկի վիրուսը, որն այլևս չի հանդիպում բնության մեջ։
Ինչու՞ է ԱՀԿ հիմա ահազանգում։ Քանի որ վերջին մեկ տարվա մեջ գրանցվել է 18 000-ից ավել դեպք, որից շուրջ 900 մահվան ավարտով (մոտ 5%)։ Անցյալում նմանատիպ խոշոր բռնկում դեռ չէր եղել։
Վիրուսի առաջին դեպքը նաև գրանցվեց Աֆրիկայից դուրս՝ Շվեդիայում, ինչը նշանակում է, որ վիրուսը սկսել է «ճամփորդել» ու նոր դեպքերի քանակը կարող է կտրուկ ավելանալ։ Վիրուսը տարածվում է կոնտակտային եղանակով, ունի համեմատաբար կարճ ինկուբացիոն/թաքուն շրջան։
Ի՞նչ պետք է անի ՀՀ ԱՆ։
Նախ 1) ապահովի ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտների մեծ չափաքանակ (եթե դեռ չի արել),
2) որոշի այն թիրախային խմբերին, որոնք պետք է նմուշառվեն եթե նույնիսկ չկան սիմպտոմներ,
3) սահմանային ավելի լուրջ վերահսկողություն իրականացնի՝ հաշվի առնելով, որ տուրիստական սեզոնը դեռ չի ավարտվել ու կա մարդկանց մեծ տեղաշարժ»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն բարձրացրել է կապիկի ծաղիկի սպառնալիքի մակարդակը
- Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ
- Ավստրալիան հայտնում է կապիկի ծաղիկի դեպքերի կտրուկ աճի մասին
- ԱՀԿ. Աշխարհում սկսվում է կապիկի ծաղիկի համաճարակ
- Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով