2020 թվականից առ այսօր կայացվել է վարորդական իրավունքի զրկման ավելի քան 23 հազար որոշում
2023 թվականին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում իրականացվել է 175 վարորդի սթափության վիճակի գնահատում, 134-ի փորձանմուշում արձանագրվել է 0,2 գրամ լիտրից բարձր քանակությամբ էթանոլ: 2024 թվականի առաջին կիսամյակում հետազոտվել է 134 անձ, որոնցից 106-ի մոտ է արձանագրվել նույն քանակությունը: Վիճակագրությունը ներկայացրել է ՆԳՆ-ն։
Մեկ լիտր արյան մեջ 0,2 գրամից ավելի էթանոլի առկայությունը վկայում է, որ անձը գտնվում է ոչ սթափ վիճակում: Այս դեպքում նշանակվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով և տուգանային 4 միավորի կիրառում: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն ասել է, որ արյան մեջ 0,2 գրամ-լիտրից բարձր քանակի ալկոհոլ դիտվում է, օրինակ, մեկ բաժակ օղի գործածելուց հետո: Իսկ եթե արյան մեկ լիտրում էթանոլի քանակությունը բարձր է մեկ գրամից` վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: 2023 թվականին մեկ գրամից ավելի էթանոլ հայտնաբերվել է 93 անձի, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում` 60 անձի արյան մեջ:
«Ի դեպ, կան վարորդներ, որոնք հրաժարվում են պարեկային ծառայողի կողմից առաջարկվող` «ալկոթեստի» միջոցով սթափության վիճակի զննությունից, փորձում են ամեն կերպ ժամանակ շահել, հնարավորինս ուշ անցնել թեստավորում, որպեսզի այդ ընթացքում նվազի արյան մեջ էթանոլի քանակությունը:
Սակայն ներկայացվել է առաջարկություն, որն արդեն քննարկումների փուլում է, ըստ որի` «ալկոթեստի» միջոցով սթափության վիճակի զննությունից խուսափելու դեպքում անձը տեղում, անմիջապես կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Հուսանք, որ հաշվի կառնվի հարցի կարևորությունը և այդ առաջարկությունը հնարավորինս շուտ կընդունվի:
Իհարկե, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարողներն ու այլ իրավախախտներ վարորդական իրավունքից զրկվում են նաև առանց այդ փոփոխության: 2020 թվականից առ այսօր Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության կողմից կայացվել է վարորդական իրավունքի զրկման ավելի քան 23 հազար որոշում: Բայց խնդիրներ ծագում են նաև դրանից հետո:«Քիչ թիվ չեն նաև կասեցված կամ վարորդական իրավունքից զրկված վկայականով տրանսպորտային միջոց վարելու դեպքերը, որոնց համար արդեն նախատեսված է քրեական պատասխանատվություն»,-ասել է ԵՔՎ ՃՏ հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին