«Ժողովուրդ». Տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Աթենք» ընկերությունը, թեև խոստացել էր լուծել քաղաքացու խնդիրը՝ ապագայում նոր գործարան կառուցել, սակայն տեսանելի ոչինչ չի անում այդ ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 13-ին գրել էր, որ «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
Պաշտոնական աղբյուրներից՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քաղաքացի Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի գործարանի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան և խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը:
Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենքի» գործունեության հետևանքով իրապես կարող է դիմումատուի բնակարանում աղմուկ լինել. դա հաստատվել է նաև պաշտոնական չափման արդյունքում: ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները: Սակայն «Աթենք» ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշման հետ և բողոքարկել է ակտը դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։ Մենք փորձեցինք կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, և չկարողացանք պարզել, թե աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծվել։
Տևական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է ընկերությունից խնդրի մասով մեկնաբանություն ստանալ, սակայն ՍՊԸ-ից պարզաբանում ստանալ չի հաջողվում: Այնուամենայնիվ հետևողական կլինենք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան