Մեր եկեղեցիներն էլ չափերով գոռացող չեն, բայց հանճարեղ են, նույնը պետք է մեր կինոն լինի. Գարեգին Զաքոյան
«Հայկական կինոն «լավ չորացած վիճակում է», ինչ որ ծիլեր կան, կողքից ինչ-որ բաներ աճում են, բայց բուն հայկական կինո դեռ չկա»,- ասուլիսում ասա «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը։
Նա նշեց, որ կապ չունի երկիրը մեծ է, փոքր է, հնարավոր է զարգացած ֆիմարտադրություն ունենալ ցանկացած երկրում։
«Չորանում է, որովհետև բոլորի հայացքները դեպի Հոլիվուդ է։ Հոլիվուդի մասին պետք է մոռանալ, եթե Հոլիվուդին նայեք, չոր էլ կմնաք, որովհետև Հոլիվուդը մեր խելքի բանը չէ։ Նրանից չէ, որ մեր խելքը վատն է, մեր խելքը, ընդհակառակը լավն է։ Հոլիվուդը կոմերցիոն բան է, այնքան փող ունեն, երբեմն լավ բան ծնվում է։ Բայց զուտ արվեստի իմաստով չպետք է մոռանանք մեր ազգային անվանդույթները։
Մեր եկեղեցիներն էլ չափերով գոռացող չեն, բայց հանճարեղ են։ Նույնը պետք է մեր կինոն լինի»,- ասաց կինոգետը։
Նա նաև նշեց, որ սխալ է ֆինանսական խնդիրները միշտ առաջ քաշելը։
«Այն էլ մեր դարում ֆինանսի հարց ընդհանրապես գոյություն չունի, քանի որ հեռախոսներով կարելի է ֆիլմ նկարահանել։ Բացի այդ ուսանողները, համալսարաններն ունեն լավ տեսախցիկներ։ Խնդիրն այն է, որ սովորեն ինչ բան է արվեստը, քանի որ կինոն արվեստի մաս է, ինչ բան է կինոն։ Նաև մարդիկ պետք է իմանան, որ կինոլորոտը կարմիր գորգով անցնելը չէ։ Ոչ փողն է, որ գլամուրը։
Տաժանակիր աշխատանք է։ Կինոյի ոլորտում կրթությունը վատ վիճակում է»,- ասաց Գ.Զաքոյանը։