Գուրոսի լուսանկարները կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի մասին
Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 30-ին տեղի կունենա «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը և «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը։ Ներկայացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուից ավելի քան 180 լուսանկար։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դրանց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:
Բացառիկ գիտաճանաչողական արժեք ներկայացնող հավաքածուում ընդգրկված պատկերները հնարավորություն են տալիս տեսնել Գորիսի տարածաշրջանի քարանձավային բնակավայրից դեպի կանոնավոր փողոցներով, քարաշեն, երկհարկանի առանձնատներով բնակավայրի աստիճանական զարգացումը:
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 6-ը։