Եթե «Վրացական երազանքը» աշնանը հաղթի՝ Սաակաշվիլու կուսակցությունը հակասահմանադրական կճանաչի
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, եթե հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և օրենսդիր մարմնում ստանա սահմանադրական մեծամասնություն, հակասահմանադրական կճանաչի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է քաղաքական կազմակերպության հայտարարության մեջ։
«Մեզ անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն ձեռք բերել քաղաքական համակարգը էականորեն բարելավելու համար, և առանց «Ազգային շարժումը» քաղաքականությունից տարանջատելու այն անհնար է։ Սահմանադրական մեծամասնություն ստանալուց անմիջապես հետո մենք կնախաձեռնենք իրավական գործընթաց, որի արդյունքում «Միացյալ ազգային շարժումը» և նրա բոլոր արբանյակները կամ իրավահաջորդները կճանաչվեն հակասահմանադրական»,-ասված է «Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ:
Իշխող կուսակցությունից հայտնում են, որ չնայած 12 տարի իշխանության ղեկին են, բայց «Ազգային շարժմանը» դեռևս չեն կարողացել դատել այն պատճառով, որ Սաակաշվիլու կուսակցությունը դրսից հովանավորներ ունի։ Չնայած դրան, կուսակցությունից ասում են, որ նրանք կարողացել են դատել նրանց, ովքեր Սաակաշվիլու կառավարության օրոք տարբեր պաշտոններ են զբաղեցրել ծանր հանցագործությունների համար։
«Վրացական երազանքը» վստահ է, որ «Ազգային շարժումը» դեռևս հովանավորներ ունի արտերկրում։ Սրանք այն ուժերն են, որոնք արդեն երկու տարի է, ինչ պահանջում են Վրաստանից «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի Դաշնության դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը պատերազմի և խաղաղության մասին հայտարարություն է արել
- Վրաստանի իշխող կուսակցությունը Ջավախքից ներկայացրել է մեկ թեկնածու
- Մենք մեր ձեռքով Վրաստանին «նվիրեցինք» ՏՏ ոլորտ. ոլորտի ազատ անկում՝ -13%.Վահան Քերոբյան