Ուզում ենք դուրս գալ դաշտ ու հաղթել․ Հենրի Ավագյան
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» վաղը՝ օգոստոսի 22-ին, ընդունում է «Ցելյեին»։ Արմսպորտի փոխանցմամբ՝ ասել է դարպասապահ Հենրի Ավագյանը, որը մասնակցել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսին։
«Այս որակավորման փուլերում բոլոր խաղերը կարևոր և բարդ են եղել, թույլ թիմերի չենք հանդիպել, բոլորն էլ իրենց երկրների չեմպիոններն են եղել։ Կարծում եմ՝ մենք ըստ արժանվույնս հանդես եկանք ու հասանք փլեյ-օֆֆ։ Ճիշտ է, ՉԼ-ից, ցավոք, դուրս մնացինք, բայց հավաքվեցինք ամբողջ թիմով ու շարունակեցինք մեր ճանապարհը։
Իմ ու Բուչնևի համագործակցությունն ընդհանրապես չի փոխվել։ Երբ ես էի պահեստայինների նստարանին, ամեն ինչ անում էի, որ նա լավ հանդես գար, որովհետև սա մեկ թիմ է և նպատակը մեկն է՝ ամեն խաղի դուրս գալ դաշտ և հաղթել։
Տնային խաղերը շատ ոգևորիչ են մեզ համար, շատ հաճելի է մեր երկրպագուների աջակցությունը և, իհարկե, դա շատ պոզիտիվ է անդրադառնում թիմի վրա։
Բոլոր խաղերն են մեզ համար կարևոր եղել և ոչ ոք բացարձակ լարվածություն չի ունեցել։ Մենք հասկանում ենք՝ որտեղ ենք գտնվում, որն է մեր ճանապարհը, պարզապես ուզում ենք դուրս գալ դաշտ, հաղթել ու անցնել հաջորդ փուլ»,- ասել է նա։