Չի բացառվում, որ Հայաստանի լեռներից մեկի վրա ևս հայտնաբերվի ուրարտական միապետների կողմից թողնված արձանագրություն. Բադալյան
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը գրում է.
«Արարատի թագավորության միապետների թողած բազմաթիվ սեպագիր արձանագրությունների մասին շատերը գիտեն: Սակայն, ես այսօր ուզում եմ խոսել մի հետաքրքիր երևույթի մասին, այն է՝ ՈՒրարտուի միապետներ Իշպուինիի և Մենուայի կողմից երկու լեռների ժայռերին թողնված սեպագիր արձանագրությունների մասին:
Դրանցից առաջինը Նախիջևանի Օձասարի արձանագրությունն է: Այն հայտնաբերվել է 1988 թվականին՝ Հայաստանի հանրապետության Սեյսմիկ պաշտպանության Ազգային ծառայության սեյսմոքիմիայի և անալիտիկ կենտրոնի տնօրեն Վ. Իգումնովի կողմից: Այնուհետև արձանագրությունը հրատարակվել է նույն Իգումնովի, ուրարտագետներ Ս. Հմայակյանի ու Հ. Կարագյոզյանի կողմից: Դրանից հետո արձանագրությանը անդրաձարձել են Ն. Հարությունյանը, Մ. Սալվինին և այլք:
Արձանագրության տեքստում հիշատակվում է Արծինի քաղաքի երկրի, Անիանի քաղաքի երկրի նվաճման մասին: Ինչ-որ երկրում (այդ հատվածը խիստ վնասված է) կոթող կանգնեցնելու, ինչպես նաև Խալդիին և նրա կնոջը կենդանական զոհաբերություններ կատարելու մասին:
Հաջորդը՝ ՈՒրմիա լճից հարավ գտնվող մոտ 2250 մ բարձրություն ունեցող Թարաղեհ լեռան գագաթին մոտ թողած արձանագրությունն է, որը հայտնաբերվել է 1997 թվականին՝ լեռնագնացների կողմից: Վերջիններս արել են այդ արձանագրության տեսանկարահանումը, որի միջոցով իտալացի հայտնի ուրարտագետ Միրյո Սալվինիին և իրանցի ուրարտագետ Մարյամ Դարային հաջողվել է վերծանել արձանագրության որոշ դրվագներ: Այստեղ հիշատակվում են Իշպուինի Սարդուրորդին և Մենուա Իշպուինորդին:
Երբ վերջերս, վերը նշված մասնագետները ուղեկցորդների հետ բարձրացել են արձանագրությունը տեսնելու համար, նկատել են, որ, ցավոք, արձանագրության հատվածը այլևս չկա: Այն ջարդվել է և հավանաբար պոկվել է գանձագողերի կամ նմանատիպների կողմից:
Չի բացառվում, որ մի օր Հայաստանի Հանրապետության լեռներից մեկի վրա ևս հայտնաբերվի ուրարտական միապետների կողմից թողնված արձանագրություն:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Գալստյանը ստեղծել է ուրարտական Թեյշեբա աստծո արձանիկի կավե նմանօրինակը՝ թրծման հատուկ եղանակով
- Ուրարտական խեցեղեն ու ֆալոսներ են հայտնաբերվել Ախթամիրում
- Մոսկվայում բացվել է «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրությունը
- Պուշկինի անվան թանգարանում կներկայացվի Ուրարտուի արվեստը
- Լուվրում նախապատրաստվում է ուրարտական ցուցահանդես
- Ուրարտական հուշարձանը՝ աղբավայր