Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 4 հիվանդի վիճակը ծանր է
Հայաստանում «Արևմտյան Նեղոսի» տենդով վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Չորս հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
«Այս տարի հուլիս ամսվա վերջին զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը։ Սա նշան էր, որ եթե փոխանցողի մեջ կա հարուցչի հայտնաբերում, դա կարող է նաև բերել մարդկային դեպքերի գրանցման»,- ասաց նա։
Աթոյանը նշեց, որ օգոստոսի 7-ին առաջին դեպքն է արձանագրվել. «Դիմեցինք կրկնահաստատման թեստերին, պատասխանը հաստատվելուց հետո օգոստոսի 10-ին արդեն վստահ էինք, որ ունենք առաջին արձանագրումը, օգոստոսի 12-ին իրազեկել ենք բժշկական կենտրոններին, մարզպետարաններին»։
Նրա ներկայացմամբ, հիմնական երեք՝ Արագածոտն, Արմավիր ու Արարատ մարզերից կարող են լինել փոխանցողներ։ Մինչ այժմ միայն Արագածոտնի մարզում են գրանցվել դեպքեր։
Ս. Աթոյանը հայտնեց, որ «Արևմտյան Նեղոսի» տենդի փոխանցվողը Culex ցեղի մոծակներն են, վարակվում են թռչուններից, որոնց միգրացիայի հետևանքով կարող են տարբեր երկրներում հանդիսանալ տարածող։
«Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ չկա։ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ կամ գրեթե անախտանիշ, մարդը որևէ զգացողություններ չի ունենում որպեսզի դիմի բուժօգնության։ Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում մենինգիտի և Էնցեֆալիտի երևույթներով, դիտարկվում է մինչև 1 տոկոս դեպքերում։
Հիմնական հոպիտալացված դեպքերն այս 1-2 տոկոսի մեջ են մտնում։ 41 հոսպիտալացված դեպքերից 50 տոկոսի մոտ է արձանագրվում ուղեղային երևույթներ, մյուսների մոտ արձանագրված է հիվանդությանը բնորոշ երևույթներ։
Այս հիվանդության համար հատուկ դեղամիջոց չկա, տարվում են ընդհանուր բուժական միջոցառումներ ուղղված ընդհանուր վիճակի լավացմանը և բժշկական հսկողություն»,- մանրամասնեց մասնագետը։
Նա նշեց, որ այս հիվանդությունը ունի սեզոնայնություն. քանի որ պայմանավորված է փոխանցողով՝ մոծակով, հիմնական սեզոնը հունիսից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է, բայց առավել մեծ ակտիվություն, կախված ջերմաստիճանից ու բնակլիմայական պայմաններից, դիտվում է հուլիսից օգոստոս։
Հիմնականում հիվանդությունը ծանր ընթանում է տարեցների և քրոնիկ հիվանդների մոտ։
Ս.Աթոյանը հայտնեց, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել. 1938թ–ին ծնված տղամարդ էր, նա ուներ ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ։
«Մահվան պատճառը լինում է սրտի կանգը, գլխուղեղի կաթվածը, կենսական կարևոր այլ ֆունկցիայի դադարումը։ Այս դեպքում Արևմտյան Նեղոսի տենդը եղել է ուղղակի պատճառ»,- ասաց նա։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
.անզուսպ փսխումներ,
.լուսավախություն,
.ջղաձգումներ, ցնցումներ,
.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
.տարեցները,
.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
.շաքարային դիաբետ ունեցող անձինք,
.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:
Հարակից հրապարակումներ`
- Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում մահ է գրանցվել
- Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ
- Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսը, մեկ մարդ մահացել է. «Ազատություն»
- ԵՄ-ում հայտնել են Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 69 դեպքի մասին