Արցախի ԱԺ. Կոչ ենք բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները միասնական կոչով են հանդես եկել.
«2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ երկրի ղեկավարության կողմից դիտարկվելու է որպես քաջալերանք՝ իրականացված ու շարունակվող հանցագործությունների, որի ցանկից կարելի է առանձնացնել.
- Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված էթնիկ զտումները՝ որպես ցեղասպանություն և մարդկության դեմ իրականացված հանցագործություն
- Ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և ուժի կիրառման սպառնալիքով ճնշումները ՀՀ-ի վրա
- Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ կեղծ մեդադրանքները, վերաբերմունքն ու նրանց անորոշ ճակատագիրը
- Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացման, յուրացման և ինքնությունը կեղծելու գործուն քայլերով։
Վերոնշյալ հանցավոր գործողությունների շարքը կարելի է երկար շարունակել: Մարդկությանը հուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի անվան տակ այս արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահության ու անկայունության մթնոլորտը, որն Ադրբեջանի կողմից պարտադրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրյա պատերազմի, լիակատար շրջափակման և ցեղասպանության սպառնալիքի ներքո Արցախի Հանրապետության բռնազավթման և ամբողջովին հայաթափելու միջոցով:
Կոչ ենք անում համայն հայությանը և տարածաշրջանի՝ խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում և անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. ՀՀ-ն ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP29-ին, իսկ մասնակցելու դեպքում բարձրաձայնի Արցախում էթնիկ զտման, ռազմագերիների մասին
- Ադրբեջանը պետք է օգտվի COP29-ի ազդակից՝ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար․«EUobserver»
- Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին կամ վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը
- «COP29-ը կանցկացվի Ադրբեջանում, որն էթնիկ զտում իրականացրեց Արցախում»․ նամակներ՝ Լիբանանում հավատարմագրված դեսպաններին
- Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթաժողովին
- Amnesty International-ը COP29-ին ընդառաջ Բաքվին հորդորում է ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին
- Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ COP 29-ը հյուրընկալող Ադրբեջանում. The Guardian -ի անդրադարձը
- COP29 նստաշրջանը հյուրընկալող Ադրբեջանն աչքի է ընկնում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով. Մերի Ռոբինսոն
- Ադրբեջանն ամենաաղտոտված և ամենաաղտոտող երկրներից է, պետք է բոյկոտել «COP29»-ի անցկացումն այդ երկրում․ փորձագետ