Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները կարող են ստանալ 6-ամսյա մասնագիտական ուսուցում
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիները Հայաստանում կարող են պետության ֆինանսական աջակցությամբ ստանալ 6-ամսյա մասնագիտական ուսուցում և տեղավորվել աշխատանքի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է այդ ծրագրի հետ կապած մի քանի հարցերի.
ՀԱՐՑ 1։ Որպեսզի ստանամ մասնագիտական ուսուցում և տեղավորվեմ աշխատանքի, ի՞նչ պայմանների պետք է բավարարեմ և որքա՞ն աջակցություն կստանամ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից կարող են օգտվել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրի շրջանակում շահառուին կտրվի ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և 50,000 դրամի չափով կրթաթոշակ։
ՀԱՐՑ 2։ Ի՞նչ հաստատություններ կարող եմ դիմել մասնագիտական ուսուցման ձեռքբերման համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում շահառուի համար կազմակերպվում է կարճաժամկետ ուսուցման դասընթաց (շարունակական մասնագիտական զարգացում) թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում։
ՀԱՐՑ 3։ Արդյոք կարող եմ ստանալ ԲՈՒՀ-ական կրթություն՝ այս ծրագրի շրջանակում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագրի շրջանակում կարող եք ստանալ միայն կարճաժամկետ ուսուցում։
ՀԱՐՑ 4։ Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ Ձեր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices )։
ՀԱՐՑ 5։ Ի՞նչ մասնագիտություն կարող եմ ստանալ այս ծրագրի շրջանակում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում կարող եք ստանալ գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի նկատմամբ պահանջներին համապատասխանող ցանկացած մասնագիտություն, որը կարելի է ձեռք բերել կարճաժամկետ (մինչև 6 ամիս տևողությամբ) ուսուցման դասընթացների միջոցով։
ՀԱՐՑ 6։ Եթե առկա ուսուցմամբ սովորում եմ ԲՈՒՀ-ում, կարո՞ղ եմ օգտվել ծրագրից ու այլ մասնագիտություն ձեռք բերել։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, քանի որ ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցմամբ սովորողները, Զբաղվածության մասին օրենքի համաձայն, համարվում են զբաղված անձինք, իսկ ծրագիրն իրականացվում է գործազուրկ անձանց համար։