Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա համաշխարհային աստղ Մարիա Գուլեգինան
Մի քանի օրից մեկնարկում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 92-րդ թատերաշրջանը, որի ընթացքում կներկայացվեն արդեն սիրված ներկայացումներ, կհուրընկալվեն համաշխարհային ճանաչում վայելող օպերային աստղ Մարիա Գուլեգինա Մեյթարջյանին, ինչպես նաև կունենան մեծ առաջնախաղ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին։
Թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թատերաշրջանի բացումը կմեկնարկի Արամ Խաչատրյանի անզուգական բալետներով՝ «Դիմակահանդես» և «Գայանե»՝ օգոստոսի 29-ին և 31-ին։
Սեպտեմբերի 4-ին բեմ կբարձրանա երաժշտական աշխարհի ազատության խորհրդանիշը՝ «Սպարտակ» բալետը՝ Արամ Խաչատրյանի գլուխգործոցներից մեկը, որը մարմնավորում է կոմպոզիտորի ստեղծագործական ամենավառ գծերը․ գրավիչ եւ հիշվող պատկերներ, բազմերանգ տեսարաններ, մեղեդայնություն, որտեղ եվրոպական դասական երաժշտությունը ձուլվում է արեւելյան ինտոնացիաներին։
Ջուզեպե Վերդիի՝ անառակ կնոջ սիրո, հիվանդության, ճակատագրի մասին պատմող «Տրավիատա» օպերան օպերային թատրոնի բեմում կլինի սեպտեմբերի 5-ին։ Հաջորդ օրը բեմում կճախրեն Պյոտր Իլյիչ Չայկովսկու կարապները՝ «Կարապի լիճը» բալետում։
Սեպտեմբերի 7-ին Օպերային թատրոնի բեմում կփայլի անզուգական համաշխարհային աստղ Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը՝ Ջակոմո Պուչինիի արքայադուստր Տուրանդոտի դերով։ Օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին կկայանա սոպրանո Մարիա Գուլեգինա Մեյթարջյանի հոբելյանին նվիրված գալա համերգը՝ համաշխարհային երաժշտության գոհարների մատուցմամբ։
Ջակոմո Պուչինիի մեկ այլ հիանալի ստեղծագործություն՝ «Մադամ Բաթերֆլայ» օպերան կցուցադրվի սեպտեմբերի 12-ին։
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը թատրոնի բեմում կլինի նաև սեպտեմբերի 13-ին։
Օպերային արվեստի սիրահարները սեպտեմբերի 14-ին և 18-ին հնարավորություն կունենան վայելելու Ժորժ Բիզեի «Կարմեն» և Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերաները։
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առիթով բեմադրված «Տուլուզ Լոտրեկ» մյուզիքլը բեմում կլինի սեպտեմբերի 19-ին։
Սեպտեմբերի 26-ին և 27-ին բեմ է բարձրանալու թատերաշրջանի առաջնախաղը՝ Էդգար Հովհաննիսյանի և Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական համագործակցության գագաթնակետը՝ «Անտունի» բալետը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին։
Փոքրիկ հանդիսատեսին կներկայացվի «ՄուկՕպերա» մանկական ներկայացումը սեպտեմբերի 28-ին։ Նույն օրը երեկոյան կներկայացվի Արմեն Տիգրանյանի լեգենդար «Անուշը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան