Երկու երկրների ճանապարհները գնալով բաժանվում են. Տիգրան Մելոյանը՝ Հայաստանի և ՌԴ-ի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի նպատակներից մեկն էլ ցույց տալն էր, որ Ռուսաստանը շարունակում է մնալ որպես միջնորդ Հարավային Կովկասում և ոչ մի տեղ չի հեռանում տարածաշրջանից։ Բաքուն դեմ չէ Ռուսաստանի նման ներկայությանը, իսկ Հայաստանի դիրքորոշումը հակառակն է։ «ՌԻԱ նովոստի»-ի հետ զրույցում ասաց Ազգային հետազոտական համալսարանի Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի վերլուծաբան Տիգրան Մելոյանը։
Օգոստոսի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը երկօրյա պետական այցով այցելել է Բաքու։ Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ են անցկացրել նեղ և ընդլայնված կազմով, ինչպես նաև ստորագրել են մի շարք փաստաթղթեր։
«Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը եղել է ավանդական միջնորդ Հարավային Կովկասում։ Պուտինի՝ Բաքու կատարած այցի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանային և արտաքին խաղացողներին հիշեցնելն է, որ Ռուսաստանն այստեղ է և ոչ մի տեղ չի գնում։ Նա շարունակում է մնալ կովկասյան տերությունը, որը պատրաստ է ընդհանուր խաղաղություն պահպանել և միջնորդել բանակցություններում։ Բաքուն ընդհանուր առմամբ առարկություն չունի այս հարցում, սակայն Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը տրամագծորեն հակառակն է»,-ասաց Մելոյանը։
Նա նաև հավելել է, որ Պուտինի այցից անմիջապես հետո BRICS-ին միանալու Ադրբեջանի հայտը լուրջ տեղաշարժ է Բաքվի արտաքին քաղաքականության մեջ, որը հակված է հավատարիմ մնալ որևէ աշխարհաքաղաքական բլոկների հետ չդաշնակցելու քաղաքականությանը։ BRICS-ին անդամակցությունը չի ենթադրում որևէ ռազմական կամ քաղաքական պարտավորություն, ինչի պատճառով էլ, Ադրբեջանի իշխանությունների կարծիքով, նրանք կայացրել են այս որոշումը։
Մելոյանի խոսքով, այցի արդյունքում կարելի է որոշակի առաջընթաց գրանցել նաև Վրաստանի հետ հարաբերություններում։ Օրինակ, Մոսկվան արդեն հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ աջակցելու Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի միջև երկխոսության զարգացմանը՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Հայաստանը ինչ որ տեղ մնում է կողքի քաշված, փաստ, որը վերջերս շրջանցում էին Մոսկվայում։ Հենց Երևանում, էլ տեսնում ենք, որ դա նրանց առանձնապես չի անհանգստացնում, օրինակ՝ հիշենք Հայաստանի միացումը Հռոմի Ստատուտին... Երկու երկրների ճանապարհները գնալով բաժանվում են՝ մասնավորապես Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ և Հայաստանի՝ Արևմուտքի հետ մերձեցման ֆոնին։ Երևանում կարծում են, որ այսօրվա Ռուսաստանը Հայաստանին օգնական չէ… Ինչի՞ է հանգեցնում այդ մտածողությունը՝ այլ հարց է»,- նշել է լրատվական գործակալության զրուցակիցը՝ մատնանշելով, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է չձեռնարկել քայլեր, որոնք կվատթարացնեն հարաբերությունները Հայաստանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն պաշտոնապես հայտ է ներկայացրել անդամակցելու ԲՐԻԿՍ-ին
- Բաքուն ընդունելի է համարում ռուսական հարթակը Երևանի հետ բանակցությունների համար. Բայրամով
- Պուտինի այցը Բաքու կարող է մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից մեկին՝ Ադրբեջանին. Դմիտրի Դրիզե
- Ստյոպա Մկրտչյանը չի մեկնի Բաքու