Կառավարությունը կլուծարի հանրային խորհուրդը
«Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման գործընթացը հանրության համար ավելի վստահելի դարձնելու համար, օրենքի ուժով Հանրային խորհրդի ներկայում գործող կազմը ցրվելու է, ձևավորվելու է նոր խորհուրդ, որն էլ իր հերթին կձևավորի նոր հանձնաժողովը»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ զեկուցելով «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Փախնախարարը հայտնեց, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսում կձևավորի նոր Հանրային խորհուրդ, իսկ փաստահավաք խումբը 7 անդամից բաղկացած կլինի, որոնք կառաջադրեն ՀԿ-ները և նրանք քաղաքականապես չեզոք պետք է լինեն։
Նրա խոսքով՝ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում 2018 թվականին ստեղծվեց Հանրային խորհուրդ, որը իր գործունեությունն իրականացնում է որպես Կառավարության խորհրդակցական մարմին: Հանրային խորհրդի գործունեության հիմնական խնդիրներն են հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:
Փոխնախարարը հայտնեց, որ Հանրային խորհուրդն այս տարիներին արդյունավետ չի գործել։
Հարությունյանի խոսքով՝ քանի որ փաստահավաք գործունեությունը մոտ է Հանրային խորհրդի ծավալած գործունեությանը, առավել նպատակահարմար է փաստահավաք գործունեություն իրականացնելու լիազորությունը վերապահել Հանրային խորհրդի կազմում նրա կողմից ձևավորվող առանձին հանձնաժողովի՝ Փաստահավաք հանձնաժողովին:
Նիկոլ փաշինյանն էլ հայտնեց, թե իրենք միշտ քաղաքական կամք են ունեցել խնդիրը լուծելու համար, բայց այս տարիներին ինստիտուցիոնալ խնդիրի առաջ են կանգնել,թե որ կառույցում պետք է լինի փաստահավաք խումբը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2022 թվականի հուլիսի 21-ին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ (այսուհետ՝ Ռազմավարություն) ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը, մասնավորապես ամրագրվեց, որ Անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած իրավունքների խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար անհրաժեշտ է ձևավորել կառույց, որն իր հերթին, պետք է օժտված լինի այնպիսի գործառույթներով, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրել և քարտեզագրել 1991 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերաբար կատարված խախտումների դեպքերը և դրանց պատճառները, առաջարկներ ներկայացնել բացահայտված խախտված իրավունքները վերականգնելու և պաշտպանելու, ինչպես նաև դրանց կրկնությունը բացառելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Միրզոյանին խորհուրդ տվեց, որ ԱԳՆ-ն ոչխար ու այծ պահելու փոխարեն իր գործով զբաղվի
- Գյուղացիներն ասացին՝ հովիվների պրոբլեմ կա. Նիկոլ Փաշինյան
- Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումները