Չեմ ստացել փոստային կամ էլեկտրոնային ծանուցում, ժամանակ է պետք պաշտպանական ճառին պատրաստվելու համար. Հրայր Թովմասյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական այսօրվա նիստին պաշտպանական կողմը պետք է հանդես գար ճառերով։
Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց. «Հաշվի առնելով, որ դատավորը տեղեկացված է եղել, որ ես Հայաստանից բացակայելու եմ և լինելու եմ արձակուրդում, չեմ ստացել որևէ փոստային կամ էլեկտրոնային ծանուցում, որպեսզի ներկա լինեմ դատական նիստին, ինձ ժամանակ է պետք հասկանալու՝ ինչ է տեղի ունեցել իմ բացակայության շրջանում դատական նիստերին և խնդրում եմ ինձ տրամադրել կրիչները»։
Ա. Օրբելյանին ներկայացրեց այն ծանուցումը, որն այլ հասցեով է եղել. «Երևան քաղաք Շերամ փողոցն ի՞նչ կապ ունի ինձ հետ: Ինձ ուղարկվող ծանուցումը ինչո՞ւ եք ուրիշ տեղ ուղարկել, սա դեռ պետք է պարզել: Կարող եք ճշտել՝ ես Շերամի փողոցի հետ որևէ կապ չունեմ»։
Նա խնդրեց ժամանակ տրամադրել ծանոթանալու դատական նիստերի ձայնագրություններին ու պատրաստվելու պաշտպանական ճառին։
Դատավորն Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ դատարանը բավարարում է միջնորդությունը և մինչև օգոստոսի 28-ը ժամանակ է տրամադրում պաշտպանական ճառին պատրաստվելու համար։
«Ինձ պետք է ժամանակ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել նախկին երկու նիստերին, որից հետո կկարողանամ դիրքորոշում հայտնել»,- ասաց Ա.Օրբելյանը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ ընդհանուր առմամբ դատարանի կողմից նշանակված է եղել 132 դատական նիստ, որոնցից թվով 73 դատական նիստերի հետաձգման հիմք ստեղծել է կամ ամբաստանյալ Նորայր Փանոսյանի պաշտպանական թիմը, կամ Հրայր Թովմասյանն ու իր պաշտպանական թիմը։
«Ինչ վերաբերում է առանց Հրայր Թովմասյնաի համաձայնության հանրային պաշտպան նշանակելու հարցին, դատարանն այդ որոշումը կայացրել է պաշտպանության կողմի վարքագծի արդյունքում՝ արդարադատության շահից և դրանից ածանցվող արդյունավետ պաշտպանության, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների, քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով»,- ասաց դատավորը։
Նշենք, որ փաստաբան Միհրան Պողոսյանը, ով ծանրաբեռնվածության պատճառով դադարեցրել էր Հրայր Թովմասյանի պաշտպանությունը, այսօր կրկին ստանձնեց նրա պաշտպանությունը:
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։