Դատախազը «ամենագետ» բառը վիրավորական է գնահատել. ինչու է Հրայր Թովմասյանը հեռացվել նիստերի դահլիճից
«Սահմանադրական դատարանի դատավորին քրեական հետապնդման ենթարկելու դեպք ընդհանրապես, գլոբալ պատմության մեջ չկա։ Կա գերագույն դատարանի 1-2 դեպք, այն էլ, որպես կանոն, պաշտոնաթող»,- արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին դատական նիստերի դահլիճից 10 ժամով հեռացնելուն, Ա.Օրբելյանը մանրամասնեց. «Հրայր Թովմասյանն օգտագործել է «ամենագետ» բառը, որը դատախազը գնահատել է որպես վիրավորական։ Հրայր Թովմասյանը խնդրել է դատարանին պարզաբանել, եթե դա վիրավորական է, ապա բառարանից ի՞նչ բառաշար չօգտագործի։ Դատարանը նկատողություն է արել։
Հրայր Թովմասյանի ձեռքին եղել է Երուսաղեմից բերված փոքր քարաշար, վրան խաչ։ Դատախազն ասել է՝ թող դնի գրպանը, այսինքն քրիստոնեական սիմվոլը թաքցնի։ Դատարանն ասել է՝ դրեք գրպանը։ Հրայր Թովմասյանը փորձել է հասկանալ՝ ո՞ր իրավասության, լիազորության իրացման հետ կապված է տվյալ պահանջը։ Դատավորն ասել է՝ իմ օրինական պահանջով։ Հրայր Թովմասյանն արձագանքել է՝ ուզում եմ հասկանալ՝ ո՞ր օրինական պահանջով, վաղն էլ որ ասեք՝ մազերը կարմիր ներկեք, դա է՞լ պետք է կատարեմ, էլի օրինական պահանջ է։ Դատավորն ասել է՝ հավասար խոսում եք ու հեռացրել է դատական նիստերից դահլիճից»։
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Օգոստոսի 28-ին կայանալիք նիստում պաշտպանական կողմը պետք է հանդես գա ճառով։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Այս քրեական գործն ինքնին ստեղծվել է բացառապես ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու համար. Հրայր Թովմասյանի պաշտպան
- Չեմ ստացել փոստային կամ էլեկտրոնային ծանուցում, ժամանակ է պետք պաշտպանական ճառին պատրաստվելու համար. Հրայր Թովմասյանի պաշտպան