Փաշինյանը Միրզոյանին խորհուրդ տվեց, որ ԱԳՆ-ն ոչխար ու այծ պահելու փոխարեն իր գործով զբաղվի
«Ինչ կլինի, որ պետությունը ոչ թե սուբսիդավորի ձեռքբերվող մանր եղջերավոր տոհմային անասունների կես գինը, այլ պետությունը ձեռք բերի ճիշտ տեսակները և հետո կես գնով տա գյուղացիներին»,- կառավարության նիստում առաջարկեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երբ քննարկվում էր Հայաստան ներկրվող կամ բուծվող տոհմային ոչխարների և այծերի մեկ գլխի համար 50% սուբսիդավորում տրամադրելու որոշման նախագիծը։
Նիկոլ Փաշինյանը հարց տվեց, թե եթե պետությունը ձեռք բերի, ապա որտեղ պետք է այդ գլխաքանակը պահի։
«Էդ ինչքան կտևի պահելը, կսատկեն կեսը։ Էդ նշանակում է, որ պետությոնը պետք է անասնապահությամբ զբաղվի, թեկուզ մեկ շաբաթով»,-ասաց Փաշինյանը և հարցրեց, թե ով պետք է այն անի։
Միրզոյանը տեղից ասաց, թե ԱԳՆ-ն կանի։
Փաշինյանը ծիծաղելով ասաց. «ԱԳՆ-ն վստահեցնում է, որ այն կանի։ Չէ, ավելի լավ է դուք ձեր գործով զբաղվեք... Իմ պատկերացմամբ ավելի շատ հարց կառաջանա, քան կլուծվի։ Իսկապես մենք չենք կարող դրանով զբաղվել։ Իմ կարծիքով վատ բան կլինի»։