Տեղի կունենա նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը
Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։00-ին, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը։
Արփենիկ Նալբանդյանը (1916-1964) հայ կերպարվեստում արտառոց ֆիգուր է, որի ստեղծագործությունները՝ հատկապես դիմանկարները, նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին։
Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին Թիֆլիսում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում։ 1941 թվականից բնակվել և ստեղծագործել է Երևանում: 1946թ-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր:
Ցավոք, Արփենիկի կյանքը շատ կարճ էր՝ ընդամենը 48 տարի, կյանքի օրոք ունեցել է մեկ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես: Նրա ստեղծագործական ժառանգությունը կազմում է շուրջ 300 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ռուսաստանի, Վրաստանի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում: Եղել է գեղանկարիչներ Էդուարդ Իսաբեկյանի կինը և Դմիտրի Նալբանդյանի քույրը:
Այս ցուցահանդեսն ընդգրկում է հիմնականում Նալբանդյանի դիմանկարները, որոնք արտացոլում են նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը՝ աչքի ընկնելով մոդեռնիստական մոտեցումներով և զգացմունքային խորությամբ: Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության առանցքային ասպեկտներից է գեղանկարչության միջոցով բարդ հոգեբանական վիճակներ փոխանցելու նրա կարողությունը: Նրա դիմանկարները, որոնք հագեցած են հուզական նրբերանգներով և խորը ինտուիտիվ խորաթափանցությամբ, բացահայտում են պատկերված կերպարների ներաշխարհը: Լուսաօդային միջավայրի, գույնի նուրբ աստիճանականացման և պինդ վրձնախազերի օգտագործումը ստեղծում են ներկայության և հոգեբանական խորության զգացողություն, ինչը նրա ստեղծագործությունները դարձնում են հավերժական և արդիական ցանկացած դարաշրջանում:
Այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վերաիմաստավորելու Նալբանդյանի ժառանգությունը և արժևորելու նրա ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում, ինչպես նաև բացահայտելու նկարչուհու աշխատանքների բազմաշերտությունն ու նրա գեղարվեստական աշխարհի խորությունը։
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը։