Թուրք զինվորներն Իրաքից դուրս չեն բերվի
Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում հուշագիրը չի նախատեսում թուրքական զինված ուժերի ներկայության դադարեցում Իրաքի տարածքում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Որոշ զանգվածային լրատվամիջոցների պնդումները, թե Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի դադարեցնելու թուրքական զինված ուժերի ներկայությունն Իրաքում, չեն համապատասխանում իրականությանը: Դրա վերաբերյալ ոչ մի դրույթ չկա: Հուշագրի համաձայն՝ երկու երկրները կստեղծեն համատեղ համակարգող կենտրոն Բաղդադում և նախապատրաստման ու համագործակցության համատեղ կենտրոն Բաշիքայում»,-ասված է հայտարարությունում:
Կենտրոնների հիմնական խնդիրն է լինելու երկու երկրներին անվտանգությանը սպառնացող վտանգների վերացումը:
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն օգոստոսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ «որոշ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված համաձայնագրի տեքստը չի համապատասխանում իրականությանը» և «տարբերվում է ստորագրված տեքստից»։
Հուշագրի ստորագրման մասին օգոստոսի 15-ին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում կայացած անվտանգության մեխանիզմի բարձր մակարդակի նիստից հետո՝ Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարությունների, պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։