Հայաստանը դիմել է ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ ստանալու համար
Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Այդ մասին ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրների քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ Ըստ Պետդեպարտամենտի 2022-ին թարմացված տվյալների ԱՄՆ-ն նման գործարքներ ունի 48 երկրների և տարածքների հետ:
Եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանին:
«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին»,- երեքշաբթի ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
«Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշվում է պատասխանում։
Պետդեպարտամենտը «այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի» կամ այս գործարքի հաստատման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։
Բանակցությունները սովորաբար ձգվում են տարիներ: Անցյալ տարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Ֆիլիպինների հետ մեկ տարի տևած միջուկային բանակցությունները ամենաարագն էին Միացյալ Նահանգների պատմության մեջ նման համաձայնագրի շուրջ համաձայնության գալու առումով:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկել էի ռադիոակտիվ թափոնների հարցը քննարկել ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ. Էդվարդ Արզումանյան
- Նախարարությո՞ւնը, որ սխալ է ղեկավարում, սխալ որոշումներ ընդունում, նոր ատոմային բլոկով էլ 0-ի վրա է. Էդվարդ Արզումանյան
- Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը. Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին
- Միջազգային նորմերով Հայաստանում 500-600 ՄԳ/Վ-ից բարձր հզորությամբ ատոմային կայանի կառուցման իրավունք չունենք. Էդվարդ Արզումանյան
- Կառուցելով խոշոր հզորությունների ատոմակայան, մենք տարածաշրջանում կպահպանենք մեր կարգավիճակը. Վահե Դավթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան