Մեր ձեռքից խլում են մեր ապրուստը, Նիկոլ Փաշինյանն է ստորագրել որոշումը, ո՞նց կարող է տեղյակ չլինի. Վարդենուտի բնակիչներ
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները հավաքվել են կառավարության մոտ, բողոքում են՝ «իրենց ապրուստի միջոց հողերը վերցնում են իրենց ձեռքից»։ Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի լսի ժողովրդի ձայնը, ներկայացնի կառավարության դիրքորոշումը։
Գյուղի բնակիչ Բայանդուր Ադամյանն ասաց, որ անկախ իրենց կամքից, իրենց հողեր խլում են իրենց ձեռքից։
«Կառավարությունը գերակա շահ է ճանաչել ու հողերը դատարանով օտարել են։ Մոտ 40 անձանց հողերն արդեն օտարել են։ Քանի որ ապրում ենք գյուղում, մեծամասնությունը զբաղվում է անասնապահությամբ, այդ հողը մեր ապրուսի միջոցն է, մեր ձեռքից խլում են մեր ապրուստի միջոցը։
Մեր հողը ո՞ւմ տանք, ո՞ւր գնանք, թափառաշրջիկ, նպաստառու դառնա՞նք։ Ես այդ հողով իմ ընտանիքը լիարժեք պահում եմ, կերակրում եմ։ Ինչո՞ւ են իմ ձեռքից խլում իմ ապրուստը։
117 հեկտար սեփականաշնորհած հողատարածքի մասին է խոսքը։ Հարցը գումարը չէ, գյուղացիների 70 տոկոսը չի ուզում իր հողը կորցնի»,- ասաց Բ.Ադամյանը։
Նույն գյուղի բնակիչ Արման Շագոյանն ասաց, որ իրենց անհանգստացում է կառավարության անգործությունը։
«Եթե կառավարությունը ճանաչում է գերակա շահ, պետք է իր ժողովրդին տեր կանգնի, հարցեր կարգավորի։ Բայց կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, ասում են՝ գնացեք, կառուցապատողի հետ լեզու գտեք՝ գնայինի առումով, հողի փոխանակման առումով»,- նշեց նա։
Որպես լուծում առաջարկում են՝ 1 քառակուսու համար փոխհատուցեն 1000 դրամ, համարժեք հողով փախհատուցում ու նշում են, որ մինչև վերջ գնալու են իրենց խնդիրը բարձրաձայնելու, չեն թողի իրենց ունեցվածքն իրենցից խլել, պետք լինի՝ ճանապարհ կփակեն, չեն թողնի ընկերության տեխնիկան մտնի գյուղ. «Եթե մեր կառավարության համար մեր դիրքորոշումը մեկ է, թքած ունեն, չեն ուզում ժողովրդի կողմը գնալ, մենք մեր իրավունքները գյուղական ձևով կպաշտպանենք»։
Ա. Շագոյանն ասաց, որ իրենց հողերը գերակա շահ ճանաչելու հարցով հանրային լսումներ չեն եղել, «կամ եղել են, ուղղակի ուրիշ գյուղից են մարդիկ ներկա եղել, ֆեյք հանրային լսումներ են եղել»։
«Կառավարությունն այդ ամեն ինչն արել է՝ ժողովրդի կարծիքը հաշվի չառնելով։ Բացի այդ, պարոն վարչապետին Ազգային ժողովում մարտ ամսին հարց են տալիս, ասում են նման խնդիր կա Վարդենուտ գյուղում, ասում ՝ ես տեղյակ չեմ։ Ո՞նց կարող է կառավարության ղեկավարը տեղյակ չլինի, եթե ինքն է ստորագրում այդ որոշման տակ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2023-ի մարտի 2-ին հավանություն տվեց «Ռիդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արագած» ծրագրին, որով նախատեսվում էր լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիր ստեղծել Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին