Հայաստանում կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է, դեպքերի գերակշռող մասը դիտվել է մինչև 5 տարեկանների շրջանում. «Հերացի» վերլուծական
2023թ. կապույտ հազի համաճարակային իրավիճակը բավականին լարված էր աշխարհում, հատկապես՝ Եվրոպական տարածաշրջանում, ինչը շարունակվում է 2024թ-ին, այսպես, 2021թ. արձանագրվել է 1761 դեպք , 2022թ.՝ 4151 դեպք, 2023թ.՝ 25 000 դեպք, 2024թ. առաջին եռամսյակում արդեն՝ 38000 դեպք: Դեպքերի զգալի աճ դիտարկվել է նաև 2016թ. (41 026 դեպք) և 2019թ. (34 468 դեպք):
Հայաստանում նույնպես կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է վերջին 2 տարիներին՝ 2023թ. արձանագրվել է 50 դեպք (2/100.000), իսկ 2024թ. հունվար - հուլիս ամիսներին՝ 98 (3.3/100.000) դեպք:
Դեպքերի գերակշռող մասը դիտվել է մինչև 5 տարեկանների շրջանում: Հայաստանում դեպքերի զգալի աճ է դիտարկվել նաև 2014թ.` 85 դեպք (2.8/100.000), և 2018թ.` 174 դեպք (5.9/100.000), ինչը վկայում է միջինում 5 տարի ինտերվալով հստակ պարբերականության մասին: Տվյալները հրապարակել է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնը։
Նշվում է, որ վերջին տարիներին կապույտ հազի հիվանդացության զգալի բարձացումը պայմանավորված է նաև COVID-19 համավարակի ժամանակ պատվաստումների բացթողումներով՝ 2021թ. 24.5 մլն երեխա բաց է թողել դիֆթերիա, փայտացում, կապույտ հազի դեմ պլանային պատվաստումների 3-րդ դեղաչափը (ԱԿԴՓ3), իսկ 2022թ.՝ 20.5 միլիոն երեխա:
«Այսպիսով՝ համաճարակաբանական դիտարկումները և կանխատեսումները վկայում են, որ կապույտ հազի իրավիճակը բավականին լարված է Եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում, և դեռևս առաջիկա ամիսներին կա բարձրացման միտում: Վարակի տարածման ռիսկերը կարող են բարձրանալ դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների գործունեության վերսկսման ժամանակ:
Կարևոր է նշել, որ կապույտ հազը պատվաստումներով կանխարգելվող վարակ է և Հայաստանում պատվաստումային գործընթացն իրականացվում է ՀՀ կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ առաջարկվում է.
• հետևողական լինել պլանային պատվաստումների ժամանակին ստանալու առումով,
• հղիության ընթացքում չխուսափել կապույտ հազի պատվաստումից,
• կապույտ հազի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ 7 օր և ավելի կրկնվող, նոպայաձև հազ, ապահովել մեկուսացումը շրջակա մարդկանցից, պահպանել շնչառական հիգիենան (կրել դիմակ) և դիմել բժշկի խորհրդատվության»,- նշում են «Հերացի» վերլուծական կենտրոնից։
Կապույտ հազը բարձր հպավարակելիությամբ շնչառական վարակիչ հիվանդություն է: Վարակն ունի մի շարք համաճարակաբանական առանձնահատկություններ: Վարակի աղբյուրը կապույտ հազով հիվանդն է, ինչպես նաև վարակային գործընթացի ատիպիկ կամ անախտանշանային ձևով անձինք: Վարակելիության շրջանը հիվանդության 4-6 շաբաթներն են, սակայն հիվանդն առավել վարակիչ է առաջին շաբաթվա ընթացքում: Կապույտ հազի հարուցիչները (Bordetella pertussis) հեշտությամբ փոխանցվում են մարդուց մարդուն օդակաթիլային մեխանիզմով՝ արտազատվելով խոշոր կաթիլներով և տարածվելով 2-2.5 մ շառավղով: Մեկ հիվանդը կարող է միաժամանակ վարակել միջինում 14 ընկալ անձանց: Հիվանդությունն ընթանում է շնչառական ուղու հանկարծակի կատառալ բորբոքումով՝ գրգռիչ հազ, որը հիվանդության զարգացման հետ (1-2 շաբաթից) աստիճանաբար ձեռք է բերում նոպայաձև կրկնվող բնույթ: Կապույտ հազ վարակն ունի հստակ պարբերականություն՝ 3-5 տարի ինտերվալով:
Բարձր հիվանդացությունը սովորաբար դիտվում է մինչև 5 տարեկանների շրջանում, առավել խոցելի տարիքային խումբը մինչև 1 տարեկաններն են: Այս խմբում արձանագրվում է մահվան դեպքերի 90%-ը: Վերջին տարիներին նկատվում են կապույտ հազի համաճարակաբանական օրինաչափությունների որոշակի փոփոխություններ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների համաձայն՝ որոշ եվրոպական երկրներում կապույտ հազի դեպքերի աճ է արձանագրվել նաև դեռահասների և մեծահասակների շրջանում, ովքեր էլ դառնում են հիմնական վարակի աղբյուր երեխաների համար: 2023թ. վեց եվրոպական երկրներում ամենաբարձր հիվանդացությունը գրանցվել է 10-19 տարեկան դեռահասների շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի Հայաստանում կարմրուկի ու կապույտ հազի դեպքերի աճ կա. Ստեփան Աթոյան
- Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան