Եվրոպայում լոլիկի մթերման գինը մոտ 40-50 դրամ է, մեզ մոտ խանութներում 300 դրամից էժան չկա. Հարություն Մնացականյան
Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին՝ 2024թ. հունվար-հուլիսի սպառողական գների ինդեքսի համաձայն՝ բանջարեղենի գներն աճել են 9.8 %-ով, իսկ որոշ առանձին տեսակներ, օրինակ կարտոֆիլը թանկացել է 26.8 %-ով։ Նախորդ տարվա համեմատ աճել են նաև լոլիկի գները։ Չնայած ամառվա սեզոնին Հայաստանի խանութներում և շուկայում լոլիկի գները շարունակում են մնալ բարձր։ Միտման պատճառների շուրջ Panorama.am-ը զրուցեց մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի հետ
Հ. Մնացականյան-Այս տարի խնդիրներ եղան, եղանակային վատ պայմաններ՝ և՛ ցրտահարությունը, և՛ կարկտահարություն։ Սրան գումարվեց նաև այն, որ վերջին տարիներին դաշտային լոլիկի տարբեր հիվանդությունների դեմ պայքարը շատ դժվար է ընթանում և այդ պատճառով բերքատվությունը բավականին ընկեր է։
Դրա հետևանքով ջերմատնային տնտեսությունները օգտվում են առիթից և, քանի որ շուկայում վաճառվողը հիմնականում ջերմատնային տնտեսություններում աճեցված լոլիկներն են, նրանք բարձրացրել են գները, բարձր գնով է տեղի ունենում իրացումը։
Panorama.am-Պետությունը խնդրին ուշադրություն դարձնո՞ւմ է։ Ընթացիկ տարում լոլիկի մշակաբույսի աջակցության պետական ծրագիր էլ չի արվել։
Հ. Մնացականյան-Ոչ մի տարի էլ չեն արել։ Մի տարի փորձում էին, բայց գործընթացը կանգնեց։ Աջակցության ծրագրի թիվ մեկ բաղադրիչը բույսերի պաշտպնությունն է, որ պետական մակարդակով այս հիվանդությունների՝ լոլիկի ցեցի և տարբեր այլ հիվանդությունների դեմ կարողանան առնել։
Պետական համալիր միջոցառումներ են պետք լոլիկի մշակության զարգացման համար։ Միայն մի բաղադրիչ չէ, որ ասես, օրինակ՝ պետությունը սուբսիդիա տա ու վերջ՝ խնդիրը լուծվի, ո՛չ։ Գործողությունների կոմպլեքս է պետք, որի շնորհիվ հետագայում լոլիկի գինը կմոտենա նորմային։ Պատկերացրեք՝ եվրոպական երկրներում լոլիկի մթերման մեծածախ գինը մոտ 40-50 դրամ է, մեզ մոտ խանութներում 300 դրամից ցածր գնով լոլիկ չկա այս պահի դրությամբ՝ մոտ 6 անգամ թանկ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանինը Հայաստանի կարտոֆիլից թանկ է
- Սպառողական գները նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 0.4 %-ով, սակայն առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկացել է մինչև 26.8 %
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան