Հայի համար ամեն ինչ և ամենից վեր անկախ ապրելն է. Արցախի թեմի առաջնորդ
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները հավաք են անցկացնում՝ նվիրված ՀՀ Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին։ Այն կազմակերպվել է «Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության նախաձեռնությամբ։
Ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը հավաքի մեկնարկին ասաց, որ ներկայումս շատ են լսում վիրավորանքներ Անկախության հռչակագրի վերաբերյալ, որոնք անտրամաբանական են, ոչ իրավաբանական։
«Այսօր մեր մասնակցությամբ հերքում ենք դա, պաշտպանում մեր Հռչակագիրը»,- նշեց նա։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից օրհնանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Անկախությունն ու անկախության հասնելը յուրատեսակ պայքար է։ Պատվաբեր պայքար է։ Անմահություն է։ Անկախությունը ձեռք բերելը դժվարագին ճանապարհ է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Այս առումով պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այդ անկախության ճանապարհին ոչ միայն կարողացան փայլուն կերպով իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված էին ունենալու անկախություն, նաև զոհվեցին հանուն այդ անկախություն։ Որովհետև հայի համար ամեն ինչ և ամենից վեր դա անկախ ապրելն է։ Դրա համար հայ ծնվելը պատիվ է։
Կյանքը պայքար, իսկ մեռնելը՝ հաղթանակ»,- ասաց Վրթանես եպիսկոպոսը։