Սրապիոնյանը զորաշարժի էր ենթարկում Սփյուռքը․ Հրանուշ Հակոբյան
Գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստը տեղի ունենում Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Գրականագետին եկել են հրաժեշտ տալու հարազատները, ընկերներն ու գաղափարակիցները։
ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերժ Սրապիոնյանը տառապում էր հայրենիքի համար։
«Վերջին անգամ խոսել ենք նրա առողջական խնդիրներից։ Ասաց՝ վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, հույս ուներ, որ լավ է լինելու»,- ասաց Հակոբյանը՝ ցավելով, որ արդեն նրա մասին խոսելու անցյալ ժամանակով։
Նա հիշեց, որ Սերժ Սրապիոնյանը համալսարանական տարիներին ակտիվ երիտասարդ էր և աչքի էր ընկնում խելացի, տաղանդավոր մտքով։
«Նա բանասիրական ֆակուլտետի երիտասարդական առաջնորդն էր,4-5 տարի համալսարանում միասին աշխատել ենք։Այնուհետև, երբ Սփյուռքի նախարարության ստեղծման գործընթացն էր, շատ էի ուզում, որ Սերժը դառնար արևմտահայերենի ամբիոնի վարիչը, բայց լեզվի խնդիր կար, այդ պատճառով նրան առաջարկեցի դառնալ տեղակալ։ 5-6 տարի միասին արել ենք շատ ծրագրեր ու գործեր։ Նա աչքի էր ընկնում սկզբունքայնությամբ։ Գրականության ահռելի գիտակ էր։ Նա զորաշարժի էր ենթարկում Սփյուռքը։ Մեծագույն հենասյուներից էր։ Ընդամենը երեք օր առաջ եմ խոսել հետը, նույնիսկ պայմանավորվեցինք, որ հիվանդանոցից հետո պետք է հանդիպենք։ Ցավոք, հանդիպումն այսօր այստեղ է»,- ասաց Հակոբյանը։
Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը:Սերժ Սրապիոնյանը ծնվել էր 1957 թվականին։ 1977-1983 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։ ակմուհետև սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Սրապիոնյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։