Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հնարավոր է հունվարից արդեն գործի նոր շենքում
«Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հնարավոր է արդեն 2025 թվականի հունվարին իր գործունեությունը շարունակի նոր շենքում»,- այս մասին Panorama.am-ին ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում և գումար հատկացնել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վեռնոյ 3 հասցեում կառուցված նոր շենքի ներքին հարդարման համար։
Նարինե Գրիգորյանն ասաց, որ հայտարարվելու է մրցույթ, որից հետո արդեն աշխատանքներն ակտիվորեն կընթանան։
«Նախատեսվում է ամենաուշը հունվարին բացել մեր թատրոնի նոր շենքը»,- նշեց նա։
Ն.Գրիգորյանի խոսքով, իրականում մեծ աշխատանքն արդեն արված է, մնացել է ներքին հարդարանքը։
Հարցին՝ արդեն ունե՞ն պլաններ, թե որ ներկայացմամբ է բացվելու թատրոնի նոր շենքը, նա ասաց. «Այս տարվա մեր թատերաշրջանը նվիրվելու է Սոս Սարգսյանի 95-ամյակին։ Սեպտեմբերի 26-ին՝ Սոս Սարգսյանի մահվան օրը, մեզ մոտ կլինի պրեմիերա. բեմադրել ենք նրա գրած «Լակոտ» վիպակը։ Նախատեսում էինք հենց այդ ներկայացմամբ բացել իր անվան թատրոնը։ Բայց մենք չսպասեինք մինչև շենքի բացումը։
Հիմա պատրաստվում եմ բեմադրել Անտոն Չեխովի «Բալի այգի» պիեսը, որը կորսված այգու մասին է։ Իսկ Արցախն ինչքա՜ն կորսված այգի է մեզ համար։
Նախատեսում եմ հունվար-փետրվարին արդեն ներկայացնեմ հանդիսատեսին։ Եթե մինչ այդ էլի թատրոնի նոր շենքը բացման համար պատրաստ չլինի, հաջորդ տարի մեզ մոտ բեմադրություններ է անելու ֆրանսահայ դերասան, թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Նա գալու է Հայաստան նկարահանվելու «Իմ անունը Արամ է 2» ֆիլմում, զուգահեռ բեմադրություններ է անելու մեզ մոտ։ Այնպես որ, Սիմոն Աբգարյանի բեմադրությամբ հաստատ կբացենք մեր նոր թատրոնի շենքը»։
Հիշեցեննք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը կայացել է 2019 թ. մարտի 23-ին։Շենքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում, մինչ օրս սեփական շենք չունի:
Հարակից հրապարակումներ`
- Համազգային թատրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024-ի գարնանը
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն Արցախում է
- Համազգային թատրոնը «Ֆաջր» թատերական միջազգային փառատոնում ներկայացրել է «Լոռեցի Սաքոն»
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն իր 30-ամյակի առիթվ մի լավ նվեր է ուզում
- Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման աննախադեպ հաջողությունը՝ Չեխովյան հեղինակավոր փառատոնում
- Համազգային թատրոնի նոր շենքի շինաշխատանքները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան